Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունն ավելացել է. առաջատարը կոնյակն է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականի հունվարին գրեթե բոլոր ալկոհոլային խմիչքների արտարդրության աճ է գրանցվել, բացառությամբ օղու և օղու-լիկյորի արտադրության:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, Հայաստանի ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալով առաջատար է կոնյակը: 2017 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 1 մլն 831.2 հազար լիտր կոնյակ։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 187.5 տոկոսով կամ մոտ 2.9 անգամ։
2016թ-ին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21 մլն 529.2 հազար լիտր։ 2015թ-ի ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9.4 տոկոսով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել էր 8 տոկոս և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, Հայաստանում կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: 2008 թվականին մեր երկրում արտադրվել էր 15.9 մլն լիտր կոնյակ:
Այս տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 165,7 հազար լիտր վիսկի, ինչը 31,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համանուն ցուցանիշը: Գինու արտադրությունը կազմել է 344,6 հազար լիտր, ինչն ավելացել է 39 տոկոսով:
26,2 տոկոսով ավելացել է շամպայն գինու արտադրությունը` կազմելով 31,8 հազար լիտր: 2017 թվականի հունվարին գարեջրի արտադրությունը կազմել է 491,9 հազար լիտր` ավելանալով 9,6 տոկոսով:
Միևնույն ժամանակ 37 տոկոսով նվազել է օղու և օղու-լիկյորի արտադրությունը: Այս տարվա հունվարին այն կազմել է 339,3 հազար լիտր: