Հասարակական

Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը կարող է տարեկան իրականացնել 100 փոխպատվաստում

2 րոպեի ընթերցում

Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը կարող է տարեկան իրականացնել 100 փոխպատվաստում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը կարող է տարեկան իրականացնել 100 փոխպատվաստում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

«Շատ կարևոր ձեռքբերում է ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն, ցողունային բջիջների լաբորատորիա ունենալը: Տարեկան կենտրոնը կարող է 100 փոխպատվաստում իրականացնել: Առաջին փոխպատվաստումը կլինի մոտ ապագայում: Արդեն նախապատրաստական գործընթացն է, ունենք հիվանդներ, որոնք այդ փուլում են»,-ասաց Սմբատ Դաղբաշյանը:

Նրա խոսքով, տարվա ընթացքում երեխաների շրջանում շուրջ 35-ի մոտ սուր լեյկոզ է ախտորոշվում, որոնցից 20-ի դեպքում փոխպատվաստման անհրաժեշտություն է առաջանում: Նա նշեց, որ կատարվել է հաշվարկ. 7-10 փոխպատվաստման դեպքում անհրաժեշտ կլինի 230 մլն դրամ: Այժմ ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկվում են գնագոյացման խնդիրները:

«Սկզբում իրականացնելու ենք աուտո-փոխպատվաստումներ, հիմա 4 հիվանդ դրան է սպասում: Հետո արդեն կատարելու ենք ալլո-փոխպատվաստում: Բնականաբար, այդ ամենն իրականացվելու է արտերկրի մեր գործընկերների հետ համագործակցությամբ»,-ավելացրեց Սմբատ Դաղբաշյանը:

2016 թվականի նոյեմբերին, Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում պաշտոնապես բացվեց Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը, որն ունի տարածաշրջանային նշանակություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում