Կարծիքներ

Քաղաքագետը դիտարկում է ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը որպես Ադրբեջանին մեսիջ ուղարկելու հարթակ

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետը դիտարկում է ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումը որպես  Ադրբեջանին մեսիջ ուղարկելու հարթակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, փաստացիորեն, բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում փետրվարի 13-ին նման դիտարկում արեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը:

«Ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացում տեղի ունեցավ երկու կարեւոր իրադարձություն՝ նախագահների հանդիպումները Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Հասկանալի է, որ ապրիլյան պատերազմն ազդեց ողջ բանակցային գործընթացի վրա, եւ երկու հանդիպումները փորձ էին միջնորդների եւ ՌԴ նախագահի կողմից՝ օգնելու, որ գործընթացը չտապալվի: Ցավոք սրտի, պետք է նշել, որ իրենց հայտարարություններով համանախագահները շարունակում են առաջնորդվել համահարթեցման սկզբունքով, այսինքն՝ խուսափում են հասցեական կոչերից, ինչը գործընթացի վրա բացասաբար է ազդում, քանի որ Ադրբեջանը դա ընդունում է որպես աջակցություն, անպատժելիություն»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է տապալել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, երբեմն էլ ընկնում է ծայրահեղության մեջ՝ նշելով, որ դրանք պարզապես քննարկումներ են:

«Ամեն դեպքում հայկական կողմը պնդում է, որ դրանք պետք է իրականացվեն, քանի որ ըստ էության՝ դրանք պետք է ապահովեն նվազագույն փոխվստահության շեմը, որի դեպքում միայն կարելի է անդրադառնալ քաղաքական բանակցություններին»,-նշեց Նարեկ Մինասյանը՝ հավելելով, որ առաջիկայում արտաքին գործերի նախարարների՝ Մյունխենում սպասվող հնարավոր հանդիպումն առաջին հերթին պետք է օգտագործել Ադրբեջանին եւ համանախագահներին հստակ մեսիջներ ուղարկելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում