Տնտեսություն

Հայկական ազգային ավիափոխադրողները հնարավորություն կունենան «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել

2 րոպեի ընթերցում

Հայկական ազգային ավիափոխադրողները հնարավորություն կունենան «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Դենիս Մանտուրովը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական ազգային ավիափոխադրողների կողմից փոխադրումներ կատարելու հնարավորությունը։ Կողմերը քննարկել են «Гражданские самолеты Сухого» («Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ») և «Согласие» («Համաձայնություն») ԲԲ ընկերությունների հետ համատեղ նախագիծը, ըստ որի՝ հայկական ազգային ավիափոխադրողները հնարավորություն կունենան «SSJ 100» ինքնաթիռով փոխադրումներ իրականացնել։

Նշվել է, որ այս ուղղությամբ արդեն որոշակի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է ծրագրի իրականացման համատեղ աշխատանքային խումբ, նախանշվում են կողմերի մասնակցության չափանիշներն ու պայմանները, մշակվել է նախագծի ճանապարհային քարտեզը:

Դենիս Մանտուրովը կարևորել է երկու երկրների վարչապետների հանդիպման նախաշեմին այս և մի շարք այլ հարցերի քննարկումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում