Քաղաքականություն

Նոր բախումները մատնանշում են բանակցային քայլերի կարևորությունը. Ուորլիք

2 րոպեի ընթերցում

 Նոր բախումները մատնանշում են բանակցային քայլերի կարևորությունը. Ուորլիք

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցավակցություններ է հայտնել դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի ընտանիքներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ուորլիքը մասնավորապես նշել է. «Խորապես ցավում ենք այսօր հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զոհերի համար և ցավակցում նրանց ընտանիքներին: Այս նոր բախումները մատնանշում են բանակցային կարգավորման ուղղությամբ քայլերի կարևորությունը, ինչը կբերի տևական խաղաղության հաստատման տարածաշրջանում: Ինչպես նշել ենք նախկինում, այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»:

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում