Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեց 88, ձեռնպահ՝ 8 պատգամավոր: Դեմ արտահայտվող չեղավ:
Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագծով սահմանվում է, որ Ազգային ժողովի նիստերը լինելու են քառօրյա: Քառօրյա նիստը մեկնարկելու է երեքշաբթի օրը, իսկ երկուշաբթի՝ տեղի կունենա նոր ձևավորվելիք մարմնի՝ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որի ժամանակ էլ կորոշվի քառօրյա նիստերի օրակարգը: Խորհրդարանի քառօրյա նիստերը կմեկնարկեն ժամը 10:00-ին:
Պատգամավորները հնարավորություն կունենան լքել խմբակցությունը և պահպանել մանդատը, սակայն այլ խմբակցության անդամ դառնալու իրավունք չեն ունենա: Խմբակցություն լքելու դեպքում պատգամավորները կզրկվեն հանձնաժողովներում և միջազգային պատվիրակություններում ընդգրկվելու իրավունքից:
Երկրորդ ընթերցման ռեժիմում փոփոխություն է կատարվել նաև վիճահարույց դրույթում, ըստ որի` պաշտոնական գործուղման մեջ գտնվող պատգամավորի փոխարեն նրա լիազորությամբ կարող է քվեարկել խմբակցության ղեկավարը: Սահմանվել է, որ պատգամավորը փակ ծրարով քվեարկության վերաբերյալ իր դիրքորոշումը հանձնում է քարտուղարությանը, իսկ հարցի քվեարկության ժամանակ այդ ծրարը բացվում է, և նրա ձայնը գումարվում է ընդհանուր ձայներին: