Քաղաքականություն

ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային գնումները գաղտնի կլինեն

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային գնումները գաղտնի կլինեն

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելուն կողմ քվեարկեց 77, ձեռնպահ՝ 14 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Քանի որ օրենքի նախագծերն այսպես արագ բերվում են Ազգային ժողով, մենք շատ նախագծերի չենք հասցնում ծանոթանալ: Ես մամուլում տեսել եմ, որ այս նախագծով Ազգային ժողովի նախագահի, վարչապետի և նախագահի վարչական ծախսերը պետական գաղտնիք են լինելու և այլևս թափանցիկ չեն լինի: Եթե մենք սխալ ենք հասկացել, խնդրում եմ պարզաբանել, որովհետև դրանից է կախված մեր քվեարկությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություններ չունի՝ հայտարարելով, որ ինքն էլ թերթում է կարդացել: «Բայց ես կարծում եմ, որ գոնե Ազգային ժողովի համար նման բան չկա»,- ասաց Սահակյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարզաբանեց, որ ոչ թե վարչական ծախսերի, այլ ՀՀ Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային գնումները փակ իրականացնելու մասին է: «Եթե մամուլին հավատում եք, հավատացեք նաև օրենքներին: Արարողակարգի ծախսերի մրցույթները այդ երեք մարմինների դեպքում գաղտնի են լինելու»,- ասաց Այվազյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հավելեց, որ գնումների մասով ճիշտ է, որ նման որոշում է կայացվել: «Եթե հետագայում ինչ-որ խնդիր լինի, ես կասեմ: Այդտեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- կատակեց Գալուստ Սահակյանը և հարցը դրեց քվեարկության:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության՝ նիստին ներկա պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում