Սպասվող լրահոս. 15.12.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 15-ին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ նախատեսվում է կազմակերպել միջոցառում՝ կապված ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2017-2019թթ. ռազմավարության հետ: Նախատեսվում է ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի, միջազգային, ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցություն:

Հայաստանի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ՀՀ կառավարության որոշմամբ կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից: Այդ մասին որոշման հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում: Կառավարության նիստի մեկ այլ հարցով էլ Բնապահպանության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ կմիավորվեն:

Հանրային խորհրդը քննարկում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման և պատժաչափի կրճատման համակարգում բարեփոխումների փաթեթը: Այն մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կմասնակցեն Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի անդամներ, ՀՀ արդարադատության պատասխանատուներ, ոլորտի փորձագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսները շարունակվում են: Այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կամփոփի 2016թ. ընթացքում կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները, անդրադարձ կկատարի առաջիկա ծրագրերին:

ԵՊՀ-ում տեղի կունենա գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից: Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննել և արժևորել Ավետիս Ահարոնյանի գրական ժառանգությունը, նրա ազգային-պետական գործունեությունը:

Եվս մեկ միջոցառում ԵՊՀ-ում: Այսօր կանցկացվի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 6-րդ նիստը, որին կնախորդի համալսարանի վերանորոգված սպորտհամալիրի և նոր հյուրատան բացման արարողությունը:

Հայաստանում ֆրանսիական համալսարանում կանցկացվի քննարկում «Հավասար իրավունքներ, հնարավորություն յուրաքանչյուրի համար: Պայքար խտրականության դեմ» թեմայով: Ներկա կլինեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչ Պալյանը:

«Մոսկվա» կինոթատրոնում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում կկայանա Ստաս Նամինի «Ռոքնռոլի ազատությունը» ֆիլմի հետահայաց ցուցադրությունը: Դրանից բացի, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էլ Ստաս Նամինի թատրոնը կներկայացնի «Տիեզերք» բեմադրությունը՝ ըստ Վասիլի Շուշկինի պատմվածքների:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա արվեստաբանության թեկնածու, դոցենտ Մերի Երզնկյանի «Հոդվածներ արվեստի մասին» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն նվիրված է հայկական կերպարվեստին, մասնավորապես՝ 20-րդ դարի 70-90-ական թվականների անվանի արվեստագետներին, երիտասարդ նկարիչներին, այդ տարիներին անցկացված հանրապետական ցուցահանդեսներին: Հեղինակը ներկայացրել է նաև արտասահմանյան կերպարվեստի մի քանի վարպետներին նվիրված հոդվածներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին