ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթի գործիչները բարձր են գնահատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած իրենց այցն ու Հայաստանի և Արցախի նախագահների հետ հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը նշեց, որ առաջնահերթ կցանկանա իր գովեստի խոսքերն ուղղել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` շատ լավ և հետաքրքիր կազմակերպված մտահղացման համար: Ամենից շատ նա տպավորված էր զինվորների հետ հանդիպումից:
«Իսկապես նրանց աչքերում փայլ տեսա: Այդպիսի շփումները շատ կարևոր են զինվորների համար: Շատ կարևոր էին հանդիպումները Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Շատ հետաքրքիր և մանրամասն հանդիպում է տեղի ունեցել: Մեր առաջարկներն արեցինք, իրենցը` լսեցինք»,- ասաց Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը` հույս հայտնելով, որ ավելի հաճախակի կլինեն Հայաստանի և Արցախի մշակութային գործիչների միջև նմանատիպ հանդիպումները:
ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Հայաստանում ստեղծագործական միությունների մեջ Գրողների միությունը առայժմ միակն է, որի անդամներն են նաև Արցախի գրողները և որ իրենք այս առումով տարբերություն չեն տեսնում` Արցախ թե Հայաստան: ՀՀ գրողների միության նախագահի համար հանդիպումները կարևոր էին, քանի որ քննարկվել են մի շարք հարցեր: Հանդիպումների ժամանակ նաև բարձրացրել են Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապին վերաբերվող հարցեր:
«Խնդիրն այն է, որ Հայաստանում, Սփյուռքում և Արցախում ապրում ենք երեք տարբեր իրավիճակներում և այս խնդիրը մեզանում լուրջ քննարկման չի ենթարկվում: Արցախում հատկապես քառօրյա պատերազմից հետո լարվածության մակարդակը բարձր է: Մարդիկ ապրում են` զգալով, որ պատերազմն իրենցից շատ հեռու չէ: Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միավորելու մի ճանապարհ ունենք, այն է` մշակույթը, որը պետք է տարածել բոլոր միջոցներով»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը`ևս մեկ անգամ ընդգծելով, որ մենք բոլոր պարամետրերով պետք է կարողանանք աշխարհի հետ խոսել, մանավանդ մշակույթի լեզվով, որը դարերով եղել է հայ ժողովրդի անձնագիրը:
Միլիտոնյանը նաև առաջարկել է, որ 2017 թվականը հայտարարվի գրականության տարի, որի համար ծրագիրն արդեն ներկայացվել է մշակույթի նախարարություն, որի մեջ նաև կներառվեն Արցախի և Սփյուռքի մշակույթային դաշտերը:
Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նույնպես ուրախ է այս նախաձեռնության համար: Նրա խոսքով` այն լավ առիթ էր ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գործընկերների հետ հանդիպումներ ունենալու և շփվելու համար: Մկրտչյանի ներկայացմամբ` իրենք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ զրույցում իմացան մի շատ կարևոր բան, որ վերջին շրջանում Արցախի բնակչությունը, թեև փոքր թվով, բայց` աճել է:
«Արցախի մշակույթի պալատը տարվա մեջ առնվազն 3 հարյուր միջոցառում է անցկացնում: Այսինքն` մշակութային իրադարձությունների պակաս չկա: Հարցն այն է` ինչ մեխանիզմներ գտնել, որ տեղում պրոֆեսիոնալներն աճեն, հարստանան և կարողանան իրենց արտադրանքը դուրս տանել: Այսօր արցախցին ունի հստակ խնդիր` նա չի կարողանում իր մշակույթը տարածել»,- նշեց համազգային թատրոնի տնօրենը` հավելելով, որ Բակո Սահակյանի հետ երկար խոսեցին այն թեմայով, թե ինչպես են մեր հարևանները խոչընդոտում այն արցախցի երիտասարդներին, ովքեր զբաղվում են մշակույթով: