Սպասվող լրահոս. 14.12.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Սկսվում են նախարարությունների, տարբեր գերատեսչությունների տարեկան ամփոփիչ ասուլիսները: Այսօր` դեկտեմբերի 14-ին, ընթացիկ տարվա կատարված աշխատանքները կամփոփի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով հանդես կգա նաև ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նա կամփոփի 2016թ. ընթացքում ծառայության կողմից իրականացված աշխատանքները, կներկայացնի կենսաթոշակների և ծննդյան, խնամքի նպաստների վիճակագրություն, տարվա ընթացքում կատարված օրենսդրական փոփոխությունները և դրանց ազդեցությունը:

ՀՀ ԿԳՆ Ինֆորմատիկայի պետական քոլեջում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության և Ինֆորմատիկայի պետական քոլեջի միջև: Հուշագրի ստորագրումը նպատակ ունի նպաստել կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և այդ ոլորտում մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացին:

Երևանում տեղի կունենա «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը ներկա կլինեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Երեկոյի ընթացքում «Հույսի կամուրջ»-ը հաշվետու կլինի իր՝ 20 տարիների կատարած աշխատանքի համար:

Քանի որ Ամանորը սարերի հետևում չէ, հետևաբար սկսվում են քննարկումները տոնական թեմայի շուրջ: Այսօր լրագրողների հետ կհանդիպեն հոգեբան Նաիրա Վանյանը և սննդաբան Հասմիկ Աբովյանը: Ամանորին ընդառաջ նրանք կանդրադառնան տոնական ուտեսներից ճիշտ օգտվելու մշակույթին, տոնական օրերին անկանոն սնվելու հնարավոր հետևանքներին և հետ տոնական հոգեբանական խնդիրներին: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ կանդրադառնա ամանորյա թանկացումներին, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված հիմնախնդիրներին:

Հայազգի լեգենդար երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը նշում է իր ծննդյան 65-ամյակը: Հոբելյանի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ՝ դեկտեմբերի 14-20-ը կանցկացվեն Ստաս Նամինի ստեղծագործական օրերը: Նկարիչների միությունում Հայաստանում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում տեղի կունենա Ստաս Նամինի գեղանկարների և գրաֆիկաների ցուցահանդեսի բացումը:

Առնո Բաբաջանյան համերգասրահում կանցկացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում» ծրագիրը, որին կմասնակցեն Շիրակի մարզի 18 ուսումնական հաստատությունների շուրջ 80 շնորհալի երեխա և պատանի: Ծրագրի շրջանակում համերգասրահում կբացվի մարզի պատանի ստեղծագործողների լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությանը կհաջորդի համերգ՝ շնորհալի երաժիշտ-կատարողների, երգչախմբի, պարային և երաժշտական համույթների մասնակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին