2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի վերագործարկման արդյունքում ընկերության արտադրանքի ծավալներն ավելանում են շուրջ 4 անգամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ընկերության արտադրության գծով տնօրեն Դանիել Ղևոնդյանը: «Եկեք ես թվեր չասեմ, բայց տեղեկացնեմ, որ մենք ունենք երկու հոսքագիծ, որոնցից մեկը պլաստմասե շշերով, իսկ երկրորդը՝ ապակյա շշերով ջրի արտադրությունն է: Եթե այս երկու հոսքագծերի արտադրությունը միասին վերցնենք, մեր հին գործարանի հզորության համեմատ արտադրական հզորությունն ավելացել է մոտավորապես 4 անգամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ղևոնդյանը:
Նա հավելեց, որ ընկերության արտադրական հզորության ավելացման հիմնական նպատակն արտահանման ավելի մեծ շուկաներ գրավելու ցանկությունն է: «Հայաստանում որքան շատ սպառենք մեր արտադրանքն, այնքան լավ մեզ համար, սակայն մեր հիմնական նպատակն արտահանման շուկան ընդլայնելն է»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ է որոշում կայացվել վերաբրենդավորել ընկերության արտադրանքը, ինչի արդյունքում փոխվել են ինչպես շշերն, այնպես էլ սարքավորումներն ու անգամ ընկերության տարբերանշանը, Ղևոնդյանը պատասխանեց, որ այդ ոլորտի մասնագետը չէ, սակայն ներկայացրեց սեփական կարծիքը: «Եթե ես նայում եմ սպառողի տեսանկյունից, շատ պրոֆեսիոնալ լուծում է տրված, որովհետև հիմա բոլոր շշերը նույն տեսքի են: Հիմա շշերն ավելի լավ տեսք ունեն, քան նախկինում էր, երբ նույն ընկերության արտադրանքը տարբեր դիզայն ուներ»,- եզրափակեց Դանիել Ղևոնդյանը:
«Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: