«Տղաներ, որ ելան մարտի». Շանթ Ղազարյանը ոգեշնչվել է իրենց կողքին անձնազոհ կամավորների ներկայությունից

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Շանթ Ղազարյանի սխրանքի պատմությունը։

Շանթը ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, սակայն արդեն մոտ 5 տարի է` ընտանիքով բնակվում են Երևանում։

Այժմ նա սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ֆինանսների բաժնում առաջին կուրսում։ Ասում է` մինչև բանակ գնալը աշխատել է, հետո մեկնել է ծառայության, վերադարձել, ապա ընդունվել համալսարան։ Հիմա չի աշխատում, բայց հավաստիացնում է, որ շուտով կսկսի։

Շանթը չափազանց քչախոս է, անգամ չցանկացավ խոսել իր երազանքների մասին, բայց նպատակները բարձրաձայնեց։ «Նպատակս է սովորել, աշխատել ու դառնալ մեծ մարդ։ Հույս ունեմ աշխատել իմ մասնագիտությամբ, որպես տնտեսագետ»,- ասաց մեր պատմության հերոսը։

Ասում է, որ շատ է սիրում երգեր լսել, ֆիլմեր դիտել։ Սիրում է նաև ֆուտբոլ նայել և երկրպագում է «Ռեալ Մադրիդ» իսպանական թիմին։Դեռ վաղ տարիքում Շանթը զբաղվել է ըմբշամարտով։ «Մրցումների չեմ մասնակցել, ուղղակի սիրողական մակարդակի վրա են եղել պարապմունքներս»,- նշում է նա։

Բանակը Շանթի կյանքում շատ բան է փոխել, ամեն ինչին արդեն ուրիշ աչքերով է նայում: «Օրինակ, երբ դուրս եմ գալիս փողոց, տեսնում եմ մարդկանց, ովքեր կարծես թե անծանոթ են, բայց այլևս նրանք ինձ համար անծանոթ չեն։ Բոլոր քայլող մարդիկ ինձ արդեն հարազատ են թվում: Բանակը,բնականաբար, ինձ ինքնուրույն մարդ դարձրեց, ինձ համար դա շատ կարևոր էր»,- նշում է Շանթը:

Նա ծառայության է մեկնել 2014 թվականին։ 6 ամիս ծառայել է Էջմիածնի սակրավորային գնդում, հետո դեկտեմբերին տեղափոխել են Ղարաբաղ՝ Մատաղիս: Բանակից խոսելիս Շանթը սկսեց պատմել քառօրյայի մասին. «Ամեն ինչ սկսվեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Այդ օրը հերթափոխից իջել ենք, ու գիշերը քնած էինք։ Հանկարծ սկսեցին կրակել մեր գումարտակի, ինչպես նաև գյուղի ուղղությամբ։ Գիշերը 2:30-3:00-ի սահմաններում սկսվել է ռմբակոծությունը Թալիշի վրա: Ուղիղ 12 ժամ անդադար կրակել է հակառակորդը, չէինք կարողանում դուրս գալ գումարտակից: Արդեն ցերեկը` ժամը 14:30-ին, մեր գումարտակը դիրքավորվեց Թալիշի մուտքի մոտ, որտեղից էլ հակառակորդին հետ մղեցինք»:

Ամբողջ գիշեր պաշպանել են Թալիշը: Հաջորդ օրը առավոտյան Շանթը դասակի մյուս զինվորների հետ դիրքեր է բարձրացել: Մի քանի օրվա ընթացքում գումարտակը սկսել է հետ վերցնել թշնամու գրաված դիրքերը: «Պատերազմի ընթացքում ես ամեն ինչ իմ աչքերով տեսել եմ։ Շատ կուզեի նաև իմ մտերիմ ընկերոջ մասին էլ ասել, ով վիրավորվել է այդ օրերին։ Արման Լազգիյանի հետ նույն գումարտակում ենք ծառայել: Նա ողնաշարի վիրավորում է ստացել՝ գնդակը նրա վզից մտել է՝ մեջքից դուրս եկել: Հիմա նա Գերմանիայի հիվանդանոցներից մեկում է։ Բուժումն իրականացվում է, սպասում ենք ու հավատում` հաստատ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Շանթ Ղազարյանը։Նա մի քանի օր առաջ հեռախոսով խոսել է ընկերոջ հետ:

Շանթը քառօրյա պատերազմի մասին խոսելիս հիշեց նաև դիրքեր մեկնած հազարավոր կամավորներին, ովքեր, նրա խոսքով, շատ են օգնել զինվորներին այդ դժվար օրերին։ «Երբ պատերազմն սկսվեց, Ղարաբաղից ու Հայաստանից կամավորներ եկան, հիմնականում տարիքով մարդիկ էին, մոտ 50-60 տարեկան։ Նրանք շատ մեծ ուժ էին տալիս մեզ, անընդհատ ոգեշնչում էին, մեզ հավասար կանգնում էին դիրքերում, ոչ մի բանով չէին առանձնացնում իրենց մեզնից: Ինձ թվում է` եթե նրանք չլինեին, մենք չէինք կարող անել այդ ամենը»,- վերհիշեց Շանթը:

Նա վիրավորվել է ապրիլի 5-ին։ Ցերեկը զինադադար էր հայտարարվել, երեկոյան նա վիրավորվել է։ Կանգնել է ականի վրա և կորցրել մի ոտքի ծնկից ներքև հատվածը։

Վիրավորումից անմիջապես հետո Շանթին տեղափոխել են Մարտակերտի հոսպիտալ, որտեղ էլ եղել է առաջին վիրահատությունը: Հաջորդ օրը ցերեկը տեղափոխվել է Երևանի Մուրացանի կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: «Մուրացանում պառկել եմ մոտ երկու ամիս։ Երկրորդ վիրահատությունից հետո դուրս եմ գրվել»,- պատմում է նա:

«Քո կարծիքով ի՞նչ ուժ է քեզ փրկել» հարցիս նա պատասխանում է առանց վարանելու. «Մեր պապերը պահել են այդ հողերը, մենք էլ պիտի պահեինք։ Հենց այդ գիտակցումով էլ կռվել եմ, պայքարել և ողջ եմ մնացել»:

Շանթը նաև պատմեց իր գումարտակի հրամանատարի մասին, ումից շատ գոհ և շնորհակալ է, քանի որ հենց նրա շնորհիվ գումարտակի դիրքերում կռվող զինվորները զենքի պակաս չեն զգացել։ «Ճիշտ ժամանակին բերել են զենքերը, շատ դժվար էր հասցնելը, որովհետև ճանապարհներն անընդհատ ռմբակոծվում էին, բայց մեր գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արթուր Դարբինյանն ամեն ինչ կազմակերպել էր շատ բարձր մակարդակով, ու մենք զենք-զինամթերքի պակաս չենք ունեցել»:

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները` Տաթեւ Դուրյանի

Հայերեն Русский

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26