«Գրաբարյան օրեր» ծրագիրը կնպաստի հայ հին գրական մշակույթի տարածմանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրաբարը հայկական ժառանգության գրավոր հուշարձանների բանալին է: «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում Մատենադարանում անցկացվող միջոցառումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Մատենադարանում այս ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումները համակարգող, գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանի հետ:

-Ո՞րն է գրաբարի կարևորությունն այսօր գիտության մեջ և, մասնավորապես Մատենադարանում:

- Հայերեն առաջին գրավոր բնագրերի արձանագրումից մինչև 1870-ական թթ., այսինքն՝ 20-րդ դարին նախորդող հայերեն բոլոր գիտությունները հիմնականում գրաբարով են վկայված, այդ ամբողջ գրավոր ժառանգությունը հասկանալու նախապայմանն է գրաբարը: Մեր գրական ժառանգությունը ամփոփված է ձեռագրերի մեջ, և այդ ամենի ուսումնասիրության և բնագրերի հրատարակության համար առաջնահերթ է գրաբարի և հնագրության իմացությունը: Երևանի Մաշտոցյան Մատենադարանը, լինելով գրավոր հուշարձանների գանձարան, աշխարհի հնագույն և ամենահարուստ ձեռագրատներից մեկն է: Նրա գրչագիր գանձերը ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության և մշակույթի այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են` պատմությունը, քերականությունը, փիլիսոփայությունը, գեղարվեստական գրականությունը, իրավունքը, բժշկությունը, աշխարհագրությունը, կրոնադավանական գրականությունը, մաթեմատիկան, քիմիան, տիեզերագիտությունը, մանրանկարչությունը և այլն: Գրաբարի իմացությամբ մեր հին գրական մշակույթը հասու է դառնում ներկա սերնդին: Եվ ի վերջո, գրաբարը մեր ազգային ոգին է, ազգային հիշողության պահպանությունը, այդ նույն հիշողության ոգեշնչումը, հնարավորություն նոր սերունդներին` գրագետ հայերեն իմանալու և գեղեցիկ հայերենով խոսելու:

-Ինչպե՞ս է Մատենադարանը համագործակցում Արարատյան հայրապետական թեմի հետ, և որքա՞ն ժամանակ է այն գործում:

-«Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում Մատենադարանը առաջին տարին է համագործակցում Արարատյան հայրապետական թեմի հետ՝ իր մասնակցությունը բերելով ծրագրին: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են ավագ և հիմնական դպրոցների աշակերտների այցելությունները Մատենադարան: Այն տևում է շուրջ երկու ամիս, մեկնարկն արդեն տրվել է:

-Իսկ ի՞նչ բնույթ են կրում այցելությունները, և կարևորը, ի՞նչ նպատակ են հետապնդում:

- Այս այցելությունները սոսկ թանգարանային այցելություններ չեն. դրանք ուղեկցվում են Մատենադարանի գիտաշխատողների հետ հանդիպումներով, նրանց կողմից անցկացվող դասախոսություններով, Մատենադարանում կատարվող աշխատանքների վերաբերյալ նկարահանված ֆիլմերի դիտումներով: Հանդիպում-այցելություններից յուրաքանչյուրն ունի մասնագիտական որոշակի ուղղվածություն, որոնց նպատակն է, որ հայ պատանին ճանաչի Մատենադարանը ոչ միայն որպես թանգարան, հնագույն ու հարուստ մշակույթի բացառիկ հուշարձան, այլև գիտության, քերթության, արվեստի հոյակապ գանձարան, հայ պատանին հոգով հաղորդակից լինի դարերի խորհրդին, քանի որ այստեղ է ապրում հայ ժողովրդի մշակույթը: Այս հանդիպում-դասախոսությունների միջոցով ուզում ենք ցույց տալ, որ ամենահարուստ նյութերը պարունակող բազմալեզու և բազմաբովանդակ ձեռագրերը ուսումնասիրության հնարավորություն են տալիս պատմաբանին, արվեստաբանին, բանասերին, արևելագետին, բժշկին ու բնագետին, ցույց տալ, թե նրանցից յուրաքանչյուրը ինչպես կարող է իր մասնագիտական կյանքում օգտվել այս անծայրածիր ժառանգությունից:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ այս հանդիպում-այցելությունները կօգնեն դպրոցականներին մասնագիտության ընտրության հարցում:

-Ավագ դպրոցների աշակերտներից շատերը արդեն ընտրել են մասնագիտություններ, մի մասը դեռևս փնտրտուքների մեջ է: Այս հանդիպում-դասախոսությունների նպատակներից մեկն էլ այն է, որ այն գուցե մեծ դեր կատարի նրանցից յուրաքանչյուրի մասնագիտական կողմնորոշման հարցում, և ինչու չէ նրանցից շատերին ապագայում տեսնել որպես Մատենադարանի գիտաշխատողներ, հայրենի ժառանգությունն ուսումնասիրող գիտնականներ:

Հարցազրույցը վարեց Անի Դանիելյանը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին