Հայաստանի պաշտպանությունից օգտվելու համար դիմել է 75 օտարերկրյա քաղաքացի
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանությունից օգտվելու համար ընթացիկ տարում Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 75 օտարերկրյա քաղաքացի, որոնցից միայն 40-ի դիմումին է տրվել դրական պատասխան: Նրանք Սիրիայի, Իրաքի, Իրանի, Ուկրաինայի քաղաքացիներ են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության Ապաստան հայցողների բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, դիմողները հիմնականում ազգությամբ հայեր են, կան նաև իրանցիներ, արաբներ: Սիրիական պատերազմի սկզբից ի վեր Հայաստան է եկել 20 հազարից ավելի սիրիահայ, սակայն փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է 1200 մարդ:
«Դիմումների քննարկման համար օրենքով նախատեսված է եռամսյա ժամկետ, այդ ընթացքում որոշում է կայացվում տվյալ անձին փախստականի կարգավիճակ շնորհելու կամ չշնորհելու վերաբերյալ: Այն անձինք, ովքեր պատերազմական գործողությունների հետևանքով են Հայաստան եկել, ասենք սիրիայի մեր հայրենակիցները, նրանց դիմումները քննարկվում են արագացված ընթացակարգով: Կարող եմ ասել, որ մեզ դիմած մեր հայրենակիցներին հիմնականում շնորհվել է փախստականի կարգավիճակ»,-ասաց Պետրոս Աղաբաբյանը:
Նրա խոսքով, ՀՀ-ի պաշտպանությունից օգտվելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ են համապատասխան հիմքեր` ռասսայական, կրոնական, որոշակի սոցիալական խմբերի պատկանելության, քաղաքական համոզմունքների համար հետապնդում: Հիմք կարող են լինել ռազմական գործողությունները, որոնց պատճառով բնակիչները դուրս են եկել երկրից և չեն կարող վերադառնալ: Նման դեպքերում տրվում է փախստականի կարգավիճակ: Պետրոս Աղաբաբյանը նշեց, որ ստացված դիմումների վերաբերյալ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատվել է: Նախորդ տարի ստացվել էր 315 դիմում: Դիմողները կրկին նույն երկրներից էին Սիրիա, Իրաք, Ուկրաինա, Իրան:
1998 թվականից մինչ օրս ապաստան ստանալու համար Հայաստանին դիմել 3 հազար 500 մարդ, որից 2 հազար 800-ին շնորհվել է փախստականի կարգավիճակ: Նրանք հիմնականում ազգությամբ հայեր են: Քիչ չեն նաև այլ ազգի ներկայացուցիչները` Կամերունից, Բենինից, Կոտ դ'Իվուարից և այլ երկրներից:
«Երբ քաղաքացին ապաստան է հայցում, նրան ժամանակավոր տեղավորում ենք հատուկ կացարանում: Այնտեղ նա մնում է դիմումի քննման ժամանակահատվածում: Եթե մերժումից հետո դատական կարգով հարցը բողոքարկվում է, ապա նա շարունակում է մնալ այդ կացարանում: Այդ ընթացքում պետության կողմից տրվում է սնունդ: Ի դեպ, կացարանը նախատեսված է 45 անձի համար, նախորդ տարի մենք ունեցանք 315 դիմում, և հնարավոր չէր բոլորին տեղավորել: Հիմա քայլեր են ձեռնարկվում կացարանի ընդլայնման համար»,-նշեց Պետրոս Աղաբաբյանը:
Նրա խոսքով, կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց նպատակն է ապաստան հայցողների, փախստականների իրավունքները ներդաշնակեցնել եվրոպական չափանիշներին: Օրինակ, 2008 թվականին ընդունված օրենքով նրանք ունեին ՀՀ քաղաքացուն հավասար կրթության իրավունք հանրակրթական օղակում, նոր փոփոխություններով դա տրվում է նաև բարձրագույն կրթության դեպքում: Նոր փոփոխություններով ընդլայնվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց իրավունքները: Ապաստան հայցողները կարող են օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, մինչ այժմ ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով էր դա արվում, այսուհետ` պետության: