5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, նշվում է Կամավորների միջազգային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1985թ.-ին առաջարկել է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միջազգային օր հանուն տնտեսական և սոցիալական զարգացման: Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում այդ օրն անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ: Այսօր ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչությունը Կամավորների միջազգային օրվա առիթով կազմակերպում է Միության 25-ամյակին նվիրված «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» խորագրով միջոցառումը: Ներկա կլինեն տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև կամավորներ՝ Հայաստանի համայնքներում գործող ՀՕՄ-ի 47 մասնաճյուղերից:
Կամավորների միջազգային օրվա հետ կապված «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Դեպի Հայք» հիմնադրամը և Հայ կամավորների միությունը կազմակերպում են հանդիպում: Շուրջ 25 հայաստանյան ՀԿ-ների ներկայացուցիչներ կխոսեն կամավորության դերի և նշանակության մասին։ Բացման ելույթով հանդես կգա ՀայաստանումՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բիերվիրթը։
Ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել Հալեպ նահանգում թուրքական զորքերի ակտիվացումը, արդյո՞ք Ռուսաստանի արձագանքը կզսպի Թուրքիային: Մերձավորարևելյան վերջին զարգացումների վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացնելու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:
Հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության օգուտներին ու վտանգներին, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությանը կանդրադառնա քաղաքագետ Լևոն Շիրինյանը, իսկ ղարաբաղյան հիմնախնդիր շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ իր դիտարկումները կներկայացնի Ալեքսանդր Մանասյանը:
ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում կկայանա սիրիահայերին սպասարկող «Բժշկական սպասարկման կենտրոն»-ի պաշտոնական բացումը։ Այս նոր բուժսպասարկման կենտրոնը ՀԲԸՄ «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի մասն է, որի շրջանակում սիրիահայերը կստանան անվճար բժշական խորհրդատվություն:
Երևանում հայտարարվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան սկիզբը՝ ամանորյա տոնածառի զարդարման բարեգործական միջոցառմամբ: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը «Օրրան» ՀԿ-ի և «SOS մանկական գյուղեր»-ի հետ միասին կազմակերպում են ամանորյա տոնածառի զարդարումը կարիքավոր և հաշմանդամ երեխաների համար: Հյուրանոցը կհյուրընկալի մոտ 50 երեխա և կկազմակերպի ամանորյա տոնածառի զարդարումը:
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանի «Երեկ, այսօր և...» խորագիրը կրող ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում կներկայացվեն Արթուր Գրիգորյանի երգերը՝ նոր, ժամանակակից մեկնաբանությամբ: Համերգին մասնակցում են Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Երգի պետական թատրոնի նոր սերնդի ներկայացուցիչները:
Նոյեմբերի 24-26-ը Հոլանդիայի Պապենդալ քաղաքում կայացել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի 30-րդ բաց առաջնությունը, որին մասնակցած Հայաստանի մարզիկները լուրջ հաջողություններ են գրանցել: Այսօր «Արմենպրես»-ում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի (KWF) նախագահն ու փոխնախագահը, ինչպես նաև առաջնությանը մասնակցած մարզիկները կամփոփեն արդյունքները:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: