Նախարարությունը կարևորում է տեխնոլոգիաների, գիտելիքների և փորձի ներթափանցումը գյուղատնտեսության ոլորտ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը դեկտեմբերի 2-ին ամփոփ ներկայացրեց 2016 թվականի ընթացքում նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքները և առաջիկա անելիքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը նշեց, որ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի շրջանակում կարևորվում է տեխնոլոգիաների, գիտելիքների և փորձի ներթափանցումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտ:
«Բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են գյուղատնտեսության ոլորտում միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից, սովորաբար համահունչ են լինում 2010-20 թվականների գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությանը: Մենք այժմ բանակցություններ ենք վարում, որ նոր ծրագրերը նաև ներդաշնակ լինեն կառավարության ընդունած ծրագրի դրույթներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը: Նա հայտնեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը աշխատում է այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը , ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը, Եվրամիության պատվիրակությունը. «Մենք նաև աշխատում ենք առանձին պետությունների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի զարգացման գործակալությունների հետ»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը կարևորեց կրթական ոլորտի և խորհրդատվական համակարգի բարելավումը:
«Այս շրջանակում 2016 թվականի ընթացքում ավարտին հասցվեց 15-րդ խորհրդատվական կենտրոնի ստեղծումը, որը կծառայի անասնապահության և բուսաբուծության ոլորտում խորհրդատվության մատուցմանը»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը մի կողմից աշխատում է բարելավել խորհրդատվության պետական համակարգի կողմից տրամադրվող ծառայությունները, մյուս կողմից՝ զարգացնել նաև մասնավոր խորհրդատվական կազմակերպությունները: