Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 29.11.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 29.11.2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 29-ին, ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները կհանդիպեն լրագրողներին: Հանդիպման ընթացքում մանրամասներ կներկայացվեն Բեռլին կատարած այցի վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ներկայացնում է 2014-2015 թվականների հաշվետվություն: Խումբը կհրապարակի նաև 2016 թվականի ընթացքում արձանագրված խնդիրների քննարկման արդյունքները։

Ի՞նչ քաղաքական գործընթացներ են սպասվում ՀՀԿ-ի համագումարից հետո, ինչ հնարավոր դաշինքներ ու նոր կուսակցություններ կարող են լինել: Հայաստանի քաղաքական իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակներին վերաբերյալ իր վերլուծություններն է ներկայացնելու քաղտեխնոլոգներն ու քաղաքագետները:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի քարոզարշավի շրջանակում, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է հանդիպում լրագրողների հետ: Կոալիցիայի անդամները կպատմեն իրենց գործունեության և հատկապես այս տարի իրականացրած ծրագրերի մասին։ Նշենք, որ առաջիկայում ԱԺ օրակարգ կմտնի Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծը:

ԵՊՀ-ում կկայանա «Հայաստանի հեռուստատեսությունը և ռադիոն XXI դարում» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը նվիրված է Հայաստանի հանրային ռադիոյի 90 և Հայաստանի հանրային հեռուստատեսության 60-ամյա հոբելյաններին:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր կկայան կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգը: Մինչ համերգը, լրագրողների հետ հանդիպմանը ծրագրի մանրամասներ կներկայացնեն կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը, ջութակահար Օլգա Ռանզենհոֆերը, ով նաև Մոլինարի քառյակի հիմնադիրն է, ալտահար Ֆրեդերիկ Լամբերը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանը:

«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Շվեյցարիայի 16 քաղաքներում այս տարվա ամռանը կայացած համերգային շրջագայության մասին: Ֆիլմի ցուցադրությունից առաջ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես կգան կատարումներով: «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի պրեմիերային ներկա կլինի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում