5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ կմիավորվեն: Այս հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօր` նոյեմբերի 24-ին, կայանալիք նիստի օրակարգում: Գործադիրը կքննարկի նաև Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին հարցը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը, ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը կամփոփեն «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքները: Նրանք կներկայացնեն Հայաստանում կրծքով կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրի բոլոր բաղադրիչները, առաջին անգամ կցուցադրվեն հաղթարշավի ընթացքում ստացված՝ կրծքով կերակրումը խրախուսող գովազդային պաստառները, կպարգևատրվեն կրծքով կերակրման թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողները:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը՝ 2016-17 ուստարվա պետական ավարտական քննությունների կազմակերպման նոր կարգի փոփոխությունների վերաբերյալ:
Երևանում անցկացվում է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» գործնական կոնֆերանսը։ Այն կանցկացնեն «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներ Արմեն Կարապետյանը, Ալեքսեյ Գորելկինը, Ալեքսեյ Կիսելևը և Բուլատ Սիրաևը։ Գործնական կոնֆերանսի շրջանակում կանցկացվի նաև բիզնես-խաղ՝ ինֆորմացիոն անվտանգության թրեյնինգ։
Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում կանցկացվի «Ուսանողական աշուն 2016» փառատոնը: Այն նվիրված է ուրախների և հնարամիտների ակումբի 55 և ЕрМИ թիմի 25-ամյակներին: Համալսարանում կհյուրընկալվեն ЕрМИ թիմի անդամ, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն, Հայաստանի ՈւՀԱ-ի ասոցիացիայի նախագահ Կարեն Ղազարյանը, «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ռաֆայել Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը և Կանանց աջակցման կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Նինա Քանքանյանը կխոսեն թեմայի շուրջ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հերթական զեկույցը, ըստ որի, Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը պետք է վերադարձնի Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը, ինչպես նաև Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը կանդրադառնան թեմային:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի նախաձեռնությամբ կանցկացվի հոբելյանական համերգ՝ նվիրված կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Երվանդ Երկանյանի ծննդյան 65-ամյակին: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կհնչեն երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի, Երևանի պետական կամերային երգչախմբի և «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ:
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ կկայանա Հայաստանի հանրային հեռուստատեսության 60-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: