5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` նոյեմբերի 22-ին՝ ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» խորագրով միջազգային գիտաժողովը: Լեհաստանից Եվա Սալկեվիչ-Մյուներլինը հանդես կգա «Հայոց ցեղասպանության վնասների հատուցման հարցի քննարկումը միջազգային իրավունքի նորմերի հիման վրա» զեկուցումով, իսկ Հայաստանից Արմեն Մարուքյանը՝ «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հնարավոր ճանապարհային քարտեզի ուրվագծման հարցի շուրջ» զեկուցումով: Կներկայացվեն ևս 28 զեկույցներ «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած ֆինանսական և գույքային կորուստները» թեմայով և այլ հարցերի վերաբերյալ:
Գիտությունների ազգային ակադեմիայում ևս մեկ միջոցառում: Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» ՀԿ նախագահ Արա Աբրահամյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Այն նվիրված է 2016թ. ընթացքում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կատարած աշխատանքներին, հոկտեմբերին անցկացված Եվրասիական գործընկերության միջազգային առաջին ֆորումի արդյունքներին և առաջիկա ծրագրերին:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ը ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համատեղ կազմակերպում է «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկում: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հրավիրված են դեսպաններ, պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը և «Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանը կներկայացնեն «Արցախ քարտեզագիրքը»: Բացառիկ այս քարտեզագիրքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Սա Արցախին վերաբերող խնդիրները գիտական, սակայն ավելի հակիրճ ֆորմատով ներկայացրած աշխատանք է, որտեղ տեղ գտած յուրաքանչյուր քարտեզ ներկայացնում է Արցախի պատմության տարբեր ոլորտները:
Այսօր լրագրողների հետ կհանդիպի ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա անդրադարձ կկատարի հայ-գերմանական հարաբերություններին, Գերմանիայի ներքին և արտաքին քաղաքական հարցերին, ԵՄ-Հայաստան բանակցություններին և մի շարք այլ տնտեսական, քաղաքական, կրթական և մշակութային հարցերի:
Կոտայքի մարզի, Գեղարդ համայնքում կկայանա Չրի և խոտաբույսերի արտադրամասի բացման արարողությունը: Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի շրջանակներում ընտրվել է «Ռիտարտ Գրուպ» գյուղատնտեսական կոոպերատիվը, որն իրականացնում է խոտաբուսային թեյերի և չրերի արտադրության գործունեություն Կոտայքի մարզի Գեղարդ համայնքում:
Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում տեղի կունենա միջոցառում նվիրված` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի երախտավոր, հմուտ մանկավարժ, Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջի հիմնադիր, երաժիշտ, բաս-կիթառահար Ակսել Բակունցի ծննդյան 70-ամյակին:
Ուշ երեկոյան էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչներ՝ Մերի Վարդանյանի եւ Անահիտ Ադամյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: