Հերոսներ են մեր հայրենակիցները, ովքեր շարունակում են ապրել Սիրիայում. Հրանուշ Հակոբյանի հարցազրույցը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ապրող հայերը կրակ ու բոցի մեջ շարունակում են հայի ոգին, հայկականությունը պահել ու պահպանել: Սա չտեսնված երեւույթ է, որը հատուկ է միայն հայ ազգին: Սիրիահայերի, Սփյուռքում ապրող հայերի եւ նախարարության առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

-Սիրիայում պատերազմական գործողությունների հետեւանքով Ռաքքա քաղաքից Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքն արդեն երրորդ զավակին է ճանապարհում հայոց բանակ: Այս օրինակով կարծես փաստվում է, որ իրագործվում է Սփյուռքի նախարարության գլխավոր առաքելություններից մեկը` նպաստել հայրենադարձությանը: Շա՞տ են նման օրինակները:

-Նման օրինակները շատ քիչ են մեր իրականության մեջ: Ես կարծում եմ, որ փայլուն օրինակ է: Այս ընտանիքը հայրենասիրական մեծ պաթոսով է դաստիարակել իր զավակներին: Զավակներ, ովքեր պաշտպանում են հայրենիքի սահմանները:

-Հայաստանի իշխանությունները մի կողմից ջանք չեն խնայում Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի կեցության պայմանները մեր երկրում բարելավելու, մյուս կողմից` բոլորիս հայտնի է, որ նրանք այստեղ հանդիպում են բազմաթիվ դժվարությունների` սկսած կեցության, կրթության հարցերից, մինչեւ աշխատանք ձեռք բերելու խնդիրը: Կա՞ ձեզ համար խնդրի լուծման ճանապարհը, որով պատրաստվում եք առաջնորդվել:

-Սփյուռքի նախարարության առաքելություններից մեկը հայրենադարձությունը խթանելն է: Ցանկացած հայ, ով որոշում է գալ Հայաստան, օգնություն է ստանում կառավարության կողմից: Սիրիահայերի վերադարձը հայրենիք նախ եւ առաջ պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություներով, իսկ դա չի կարելի կոչել հայրենադարձություն: Փառք ու պատիվ նրանց, որ ընտրել են հայրենիքի ճամփան: Հայաստանում նրանք իրենց հողի վրա են, առավել ապահով են: Այստեղ կան խնդիրներ նրանց սոցիալական, մշակութային, կրթական ինտեգրման առումներով: Ես կարող եմ ասել, որ այն համակարգը, որն այսօր գործում է մեր երկրում` սիրիահայերի ինտեգրման հետ կապված մեծ գործ է կատարում: Գործում է չորս աշխատանքային խումբ եւ յուրաքանչյուր խումբ բոլոր կառույցների կողմից ներկայացուցիչներ ունի: Նրանք փորձում են հատկապես առավել կարիքավորներին օգտակար լինել:

-Ինչպիսի՞ն է ձեր տեսլականը սիրիահայերի հետ կապված:

-Դեռ երկար ժամանակ է պետք Հալեպը վերականգնելու համար: Շատ ուրախ կլինենք, որ Հալեպում որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատվի, բայց, ցավոք, հիմքերը դեռ թույլ չեն տալիս ավելի լավատես լինել: Եթե Հալեպում խաղաղություն հաստատվի, մեր հայրենակիցներից շատերը կվերադառնան` իրենց ունեցածը վերագտնելու համար: Սակայն կարծում եմ, որ այն սիրիահայերը, որոնք հաստատված են Հայաստանում, կմնան այստեղ: Այսօր Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների կյանքը վտանգված է, եւ ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ինչ կլինի նրանց հետ: Այս առումով հերոսներ են այն մարդիկ, ովքեր շարունակում են Սիրիայում ապրել: Նրանք իրենց համայնքին շատ կապված են: Սիրիայում ապրող հայերը կրակ ու բոցի մեջ շարունակում են հայի ոգին, հայկականությունը պահել ու պահպանել: Այսօր 2800 աշակերտ սովորում է Սիրիայի հայկական դպրոցներում: Բառեր չեմ գտնում ասելու այն ուսուցիչներին, ովքեր կրակե անձրեւի տակ երեխաներին այբ, բեն, գիմ են սովորեցնում, փոխանցում հայոց պատմությունն ու կրոնը:

-Հալեպում իրավիճակի վատթարացման հետեւանքով` վերջին շրջանում հոսքի ավելացում նկատվո՞ւմ է: Ընդհանուր առմամբ քանի՞ սիրիահայ է ապրում Հայաստանում:

-Հայաստանում այս վերջին դեպքերից հետո ապաստան է գտել 20 հազար սիրիահայ կամ սիրիացի: Մինչեւ սեպտեմբերի 30-ը` «արյունալի ուրբաթ»-ը, Հայաստան եկել էր 428 մարդ` միջինացված ցուցանիշով յուրաքանչյուր ամիս մինչեւ 50 մարդ: Հոկտեմբերի ընթացքում 67 մարդ է Հայաստան եկել, նոյեմբերի ընթացքում` 27: Խուճապային իրավիճակ չկա: Հենց որ Սիրիայում ռումբերը պայթում են, մարդիկ մտածում են հայրենիք վերադառնալու մասին, հենց իրավիճակը հանդարտվում է, որոշում են մի քիչ էլ սպասել: Հանրապետության նախագահի հանձնարարականը հենց առաջին օրից եղել է` «օգնել սիրիահայերին այնտեղ, որտեղ նրանք գտնվում են»: Բավականին վերջերս էր, երբ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ երկու օդանավ մարդասիրական օգնության բեռ հասավ Հալեպ: Մենք տասնյակ նամակներ ենք ստացել տեղի փոքրիկների կողմից, ովքեր շնորհակալություն են հայտնել օգնության համար եւ նշել, որ հայրենիքից եկած հագուստը իրենց ուժ է տալիս դիմանալու:

-Աշխարհասփյուռ հայկական համայնքների կրթության, հայապահպանության ծրագրերից որո՞նք կառանձնացնեիք, որ եղել են առավել արդյունավետ կամ լավ արդյունքներ են խոստանում առաջիկա ամիսների, տարիների համար:

-Մենք առանձնացնում ենք չորս գլխավոր սյուներ, որոնց վրա կառուցվում է հայ տունը. դա հայ կրթությունն է, հայ ընտանիքը, հայ լեզուն, հայ մշակույթն ու հավատքը: Հատկապես չորրորդ սերունդը շատ տեղերում կորցրել է լեզուն: Մենք ունենք խնդիրներ, երբ երեխաները արդեն չեն խոսում հայերեն, եւ դա է պատճառը, որ բոլոր հայկական համայնքների հետ աշխատելիս, առաջին տեղում մենք դնում ենք լեզվի իմացության խնդիրը: Մեր բյուջեի 1/5-ը մենք տալիս ենք դասագրքերին` առաքելու Սփյուռքի տարբեր դպրոցներ, որպեսզի ուսուցիչները կարողանան երեխաներին կրթել Հայաստանից ստացված դասագրքերով: Մենք նաեւ ուսուցիչների վերապատրաստում ենք իրականացնում:

Ես շնորհակալ եմ Սփյուռքի հայկական բոլոր կառույցներին, որովհետեւ նրանք աշխատանքից զատ զբաղվում են հայապահպանությամբ: Համայնքը հայ պահելով մտահոգ մարդկանց պետք է գնահատել ու ոգեւորել, որպեսզի նրանք շարունակեն իրենց հայապահպան գործունեությունը: Մեր առաջիկա խնդիրներից է հզորացնել «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժումը, որը ձեւավորվեց լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ժամանակ, քանի որ Ղարաբաղը մեր գլխավոր մտահոգության առարկան պետք է լինի, մենք պետք է Ղարաբաղի դատը պաշտպանենք եւ մինչեւ վերջ հասցնենք եւ դա պետք է արվի նաեւ Սփյուռքի ջանքերով ու ուժերով:

-Ի՞նչ այցեր եք կատարել կամ պլանավորում դեպի տարբեր երկրների հայկական համայնքներ:

-Ցավոք այս տարի ընդամենը երկու այց եմ ունեցել հայկական համայնքներ եւ 40-ից ավելի հրավերներ եմ ստացել: Հավանաբար, մինչև տարեվերջ երկու այց էլ կունենամ: Այցերի սակավությունը, սակայն, փորձում ենք լրացնել հեռակապի միջոցով: Մենք գրեթե ամեն շաբաթ կապվում ենք հայկական համայնքների հետ, խոսում ծրագրերից, համայնքի խնդիրներից:

-Լինելով ՀՀ Սփյուռքի առաջին նախարարը` ըստ ձեզ ո՞րն է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների այն ամենամեծ խնդիրը, որը մինչեւ այժմ իր լուծումը չի ստացել:

-Սփյուռքում ամենամեծ խնդիրը վստահության պակասն է: Հայրենիքն այսօր կարիք ունի մեր հայրենակիցների եւ օգնությանը, եւ աջակցությանը: Մենք չենք ասում եկեք բարեգործություն արեք մեր երկրում: Եկեք, ներդրումներ արեք, շահ ունեցեք` գործազրկությունն ու արտագաղթը նվազեցնելով: Հայրենիքն այսօր ունի օրենսդրական բոլոր պայմանները` բիզնես սկսելու համար: Մեր միասնությունը չպետք է թուլանա, մեր միասնությունը դեպքից-դեպք չպետք է երեւա: Մենք ամեն օր պետք է մտածենք հայը հային մեծարելու, հայը հայով առաջ գնալու, հայը` հայրենիքի կողքին, հայրենիք` Սփյուռքի կողքին լինելու բանաձեւերով:

Հարցազրույցը` Անի Դանիելյանի

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում