Սպասվող լրահոս. 16.11.2016
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` նոյեմբերի 16-ին Հայաստան է ժամանում Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը: Նախատեսված է հանդիպում Հայաստանի արաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում կկայանա «Կիբեր անվտանգության կարողությունների զարգացում» թեմայով աշխատաժողով՝ կիբեր անվտանգության ոլորտի փորձագետների համար:
ԱՄՆ դեսպանատունը HSBC Հայաստանի հետ համատեղ կկազմակերպի «Ժամանակակից հանքարդյունաբերություն» թեմայով մեկօրյա համաժողով: Համաժողովի ընթացքում ամերիկյան ընկերությունները կներկայացնեն առաջատար լուծումներ՝ միտված Հայաստանում հանքարդյունաբերության արտադրողականության ու արդյունավետության բարելավմանը: Համաժողովին կմասնակցեն ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի ճարտարապետների,ինչպես նաև Հայաստանի շինարարների միություններն օրերս կառավարությանն են ներկայացրել ոլորտի բարեփոխումներին ուղղված առաջարկներ: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը,Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանը կներկայացնեն մանրամասներ:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման»ծրագրի ամփոփիչ կոնֆերանսին: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
Ինչպիսի՞ կոռուպցիոն մակարդակ կա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում: «Թրանսփարենսի ինթերնեշնլ»հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կներկայացնի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»կազմակերպության կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2016 թ. (ԿՀԲ 2016)ուսումնասիրության արդյունքները, որոնք վերաբերում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին,այդ թվում՝ Հայաստանին։
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի «Արտ Ֆեստ»երիտասարդական միջազգային բաց փառատոնի կերպարվեստի մրցանակակիրների եռօրյա ցուցահանդեսը։ Ներկա կլինեն մի շարք անվանի արվեստագետներ, պետական կառույցների, մշակույթի ոլորտի աշխատակիցներ և երիտասարդ ստեղծագործողներ:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում: