ՀՀԿ փոխնախագահի պաշտոնում Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն Կարեն Կարապետյանին նշանակելու հարց չի քննարկվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե կուսակցության առաջիկա համագումարի ընթացքում ՀՀԿ փոխնախագահի պաշտոնում իրեն փոխարինելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստերում այդ հարցը չի քննարկվել:
Հարցին, կուսակցության ղեկավար կազմում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև նման քննարկում չի եղել: Երբ կլինի նման քննարկում, ես կարծիքս կհայտնեմ»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին խոսակցություններին՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ այդ հարցը կքննարկվի, եթե Կարեն Կարապետյանը կուսակցությանն անդամագրվելու դիմում ներկայացնի, սակայն նման դիմում դեռ չկա:
Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով՝ նորություն չէ, որ Հայաստանի նոր կառավարության ղեկավարը ՀՀԿ-ի հետ կարող է համագործակցել: Պատգամավորը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի ցուցակը գլխավորել է Երևանի ավագանու ընտրություններում և որոշ ժամանակ զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը:
Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ կլինի՞ հաջորդ խորհրդարանում, թե՞ ոչ: Նա ընդգծեց, որ կլինի հաջորդ խորհրդարանում, եթե կուսակցությունը նման որոշում կայացնի, իսկ եթե չլինի նման որոշում, ինքը չի նեղանա: