Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 08.11.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 08.11.2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 8-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին: Նախարարին կընդունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսված է Պաոլո Ջենտիլոնիի հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նույն օրը կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Պաոլո Ջենտիլոնիի բանակցությունները։ Նախարարները կստորագրեն Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարություն:

Առաջիկայում նախատեսված է Իրանի նախագահի այցը Հայաստան: Մինչ նախագահի այցը, երկու երկրները նախաստորագրել են փոխըմբռնման հուշագիր Իրանի հետ գազի առք ու վաճառքի, տարանցման վերաբերյալ: Իրան-Հայաստան հարաբերություններում գրանցված վերջին զարգացումներին, Իրանի նախագահի առաջիկա այցին կանդրադառնա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Թրա՞մփ, թե՞ Քլինթոն. ի՞նչ կփոխվի ընտրություններից հետո ԱՄՆ-ում և աշխարհում»: Այս թեմայով կազմակերպվում են քննարկումներ Երևանում: Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը կներկայացնեն իրենց վերլուծությունները ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Ամփոփվել են 2016թ-ի ինն ամիսների ժողովրդագրական տվյալները: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը կներկայացնի բնական շարժի ցուցանիշները՝ ծնելիություն մահացություն, ամուսնություն, ամուսնալուծություն:

Ի՞նչ բարեփոխումներ են սպասվում ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում բնապահպանական ոլորտում: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կներկայացնի մանրամասներ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն էլ կանդրադառնա 2017թ. պետական բյուջեի նախագծին:

Մալթայում նոյեմբերի 20-ին անցկացվելու է «Մանկական եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը: «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայանա դուետով: Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կկատարեն «Տարբեր» երգը: Մրցույթին ընդառաջ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, «Մանկական եվրատեսիլ- 2016»-ի հայաստանյան մասնակիցներ՝ Անահիտ Ադամյանը, Մերի Վարդանյանը կներկայացնեն մանրասմասներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում