Սպասվող լրահոս. 04.11.2016
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` նոյեմբերի 4-ին, ՀՀ ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում անդրադարձ կկակատրվի առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերին վերաբերող եկամուտներին ու ծախսերին:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կտրվի ՀՀԿ «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» քաղաքական դպրոցի քաղաքական դասընթացների մեկնարկը: Դպրոցի ունկնդիրներին ողջունելու է ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և այլք:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի նախաձեռնությամբ ամեն ուրբաթ, թեյի շուրջ կազմակերպվում է հանդիպում լրագրողների հետ: Հերթականը այսօր է: Նախարարը կպատասխանի լրատվամիջոցների ներկայացուցիչների բոլոր հարցերին։
Կովկասի ինստիտուտը կներկայացնի «Ադրբեջանի քաղաքական համակարգը և դրա կախվածությունը էներգետիկ ռեսուրսներից» խորագրով աշխատանքային զեկույցը, որի հեղինակն է պ.գ.թ., Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը: Անդրադարձ կկատարվի Ադրբեջանի քաղաքական համակարգի վերջին միտումներին՝ նավթի և գազի համաշխարհային գների անկմանը:
Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է: Հետախուզության անցյալին, ունեցած ձեռբերումներին կանդրադառնան Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը և Վին չունի ֆեդերացիայի փոխնախագահ Հովհաննես Մուշեղյանը: Նրանք կխոսեն հետախուզության մեջ մարտարվեստի կիրառության նպատակահարմարության մասին:
Վարորդների խնդիրները, ճանապարհային երթևեկության բարելավմանն ուղղված հարցերը կրկին օրակարգում: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը և «Հայկական ավտոմոբլիային ակումբ»-ի նախագահ Պողոս Շահինյանը կանդրադառնան ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական համակարգերի կիրառմանը, նախագահի վերջին հանձնարարականին: Թեմային անդրադառնալու են նաև «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները:
Գրողների միությունում կայանալու է «Գարուն» ամսագրի շնորհանդեսը: Կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագիրը վերաթողարկվում է: Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո լույս է տեսել առաջին համարը, որը նվիրված անկախության 25-ամյակին: «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը նշել է, որ ամսագիրն ընթերցողներին է ներկայանում նոր շնչով ու նոր մոտեցումներով:
Երևանում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի համատեղ համերգային երեկոն: Այն նվիրված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի ներկայիս կազմի 10-ամյա հոբելյաններին։
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: