4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` նոյեմբերի 3-ին, ՀՀ ԱԺ-ում կշարունակվեն 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումերը: Համապատասխան հանձնաժողովները կանցկացնեն նիստ, որի ընթացքում կանդրադառնան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, եվրոպական ինտեգրման ուղղությանն առնչվող եկամուտների ու ծախսերին:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի վերակառուցման համար Հայաստանն Ասիական զարգացման բանկից նախատեսում է ներգրավել 50 մլն եվրո: Վարկային համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 3-ի նիստի օրակարգում:
Օրերս Երևանում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով և մահվան ելքով: Վերջին տարիներին գրանցված բոտուլիզմի վիճակագրությանն ու սննդի անվտանգության կանոններին կանդրադառնա ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:
Միջազգային գիտաժողով` նվիրված Վանի պեղումների 100 ամյակին: Նոյեմբերի 3-4-ը կանցկացվի Վանի պեղումների 100 ամյակին նվիրված «Հայաստանի հնամարդաբանության և հնաժողովրդագրության հարցեր» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով։ Այն կմեկնարկի նոյեմբերի 3-ին՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի կունենա «Ֆրանսիական գրականության օրեր» միջոցառումների հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառումների շրջանակում Փարիզ-Սորբոն համալսարանի հետ համատեղ կանցկացվի 20-րդ դարի ֆրանսիական գրականությանը նվիրված գիտաժողով:
Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի կապակցությամբ կկազմակերպվի այցելություն Եռաբլուր:
Ամփոփվում են «Գրանշան 2016» մրցույթի արդյունքները: Լրագրողների հետ հանդիպմանը կհայտարարվեն «Գրանշան 2016-ի» մրցանակակիրների անուններն ըստ անվանակարգերի, իսկ հայաստանցի մրցանակակիրներին կհանձնվեն դիպլոմներ:
Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա կինոյի եւ թատրոնի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի ծննդյան 75-րդ հոբելյանին նվիրված միջոցառում: Վայրը պատահական չի ընտրված. 1969 թվականից սկսած Էվելինա Շահիրյանը իր գործունեությունը ծավալել է հենց այս թատրոնում: Հոբելյանական միջոցառումը կվարեն էվելինա Շահիրյանի դուստրն ու թոռը` դերասանուհի Նաիրա Շահիրյանը եւ հաղորդավար Արման Մարգարյանը: Բեմում միասին կլինեն հոբելյար դերասանուհու բոլոր թոռներն ու ծոռը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: