ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ։ Այդ անկոտրում Կամոն

4 րոպեի ընթերցում

ԿԱՄԱՐԻՍ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղամա լեռների արևմտյան ստորոտին փռված Կամարիս գյուղի բնակիչ Կամո Խաչատրյանն անկոտրում կամքի տեր մարդու համբավ ունի: Նա բազմաթիվ փորձությունների միջով է անցել մինչև հասել է այն աստիճանի, որ շատերի համար ընդօրինակման կերպար Է դարձել: Այդ մարդը ոչ մի հրաշք չի գործել, ոչ էլ տնամերձ այգում ապուպապերի թաղած ոսկու կճուճ է գտել: Ոչ: Նա պարզապես աշխատել է, ընդ որում՝ չի խորշել ոչ մի աշխատանքից: Տարիներ շարունակ արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, ժողովրդի լեզվով ասած՝ «խոպանչի» է եղել: Հազարավոր իր հայրենակիցների պես Կամո Խաչատրյանը միամտաբար հավատացել է, թե այնտեղ՝ «խոպանում», կարող է փող կուտակել:

1993 թվականին Կամո Խաչատրյանը համոզվեց, որ «խոպաններում» կարելի է միայն հանապազօրյա հաց վաստակել և մի կերպ հոգալ ընտանիքի հոգսերը: Վերադարձավ, ապրել էր պետք: Մարդիկ հողի կամ անասունների տեր են դարձել: Կամոն դիմեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ և վարկ վերցրեց:

Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ մինչ այդ նա կարողացել էր որոշակի քանակությամբ խոզեր գնել: Բայց, ինչպես ցույց տվեց կյանքը, Կամոն չկարողացավ խոզերի հետ ՙլեզու գտնել՚ և հրաժարվեց մարդկանց ամանորյա սեղանի համար խոզի բդեր կամ մատղաշ գոճիներ մատակարարելու մտքից և անցավ խոշոր եղջերավոր անասունների խնամքին: Հենց դրա համար էլ նա օգտագործեց բանկից վերցրած միջոցները:

Կամոն չի էլ հիշում, թե բանկից վերցրած վարկով քանի գլուխ անասուն գնեց: Միայն հիշում է, որ դրանք տեղական ցեղի էին, որոնք ավելի լավ էին հարմարվում գյուղի պայմաններին:

Հետագայում, երբ Կամոն հմուտ անասնապահի համբավ ձեռք բերեց, սկսեց ավելացնել իր անասունների գլխաքանակը: Գիտեր, որ պակաս եկամտաբեր չեն նաև ոչխարները: Այսօր Կամո Խաչատրյանի ֆերման բավականին կայունացած տնտեսություն է, ունի 90 խոշոր եղջերավոր անասուններ, որոնցից 45-ը կթու կովեր են, 18-ը՝ ցուլ, մնացածը՝ հորթ կամ երինջ: Նա պահում է նաև 30 մայր խոզ, 50 ոչխար՝ իրենց 30 գառով:

Կամո Խաչատրյանը նաև աշխատատեղեր է ստեղծել: Նրա ընտանեկան ֆերմայում աշխատում են ոչ միայն կինն ու երկու որդիները, այլև մեկ տասնյակի չափ համագյուղացիներ՝ կթվորուհիներ ու հովիվներ:

Կամոն իր 50 հեկտար հողատարածությունից միայն 18 հեկտարն է օգտագործում որպես վարելահող, որտեղ ցանում է հացահատիկ, իսկ մնացած հողերը խոտհարքներ են, որտեղից էլ նա ստանում է իր մեծաքանակ անասունների ձմեռային կերը:

Այսօր Կամո Խաչատրյանը մտադիր է էլ ավելի մեծացնել անասունների գլխաքանակը: Դրա համար էլ նա մտադիր է կրկին դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ, որի երկարամյա հաճախորդն է:

Այս պատմությունը լսելուց հետո չկարծեք, թե Կամո Խաչատրյանի կյանքում դժվարություններ չեն եղել: Ընդամենը երկու տարի առաջ նա ստիպված էր վարակված 170 խոզ ոչնչացնել: Իսկ դա, հավատացնում եմ, ում ասես թևաթափ կաներ: Բայց ոչ Կամո Խաչատրյանին: Կամոն չընկճվեց, պարզապես սկսեց ավելի եռանդուն աշխատել և շատ շուտով կարողացավ զրոյացնել հասցված վնասը: Նորից նրան ձեռք մեկնեց իր երկարամյա գործընկեր դրամատունը:

… Գեղամա լեռների արևմտյան ստորոտին փռված Կամարիս գյուղում ապրում է Կամո Խաչատրյան անունով մի մարդ, ով գիտի աշխատել, արարել ու լավատեսորեն նայել կյանքին . . .

Լևոն Ազրոյան

Հայերեն Русский

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր