Սպասվող լրահոս. 02.11.2016
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` նոյեմբերի 2-ին, ՀՀ ԱԺ-ում կշարունակվեն 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումերը: Այդ կապակցությամբ այս անգամ կանցկացվի ԱԺ սոցիալական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգային հարցերից են օրենքի նախագծում նախատեսված եկամուտներն եւ ծախսերն՝ ուղղված սոցիալական ապահովությանը, նպաստներին, թոշակներին: Բյուջեի նախագիծը կքննարկվի նաև ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Լրագրողների հետ կհանդիպի ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Նա կանդրադառնա գիտական աստիճանաշնորհման համակարգում կիրառվող նոր մոտեցումներին:
Գիտության ոլորտում կառավարության ծրագրից բխող ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի քարտուղար Լևոն Թավադյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը կխոսեն գիտության ոլորտում սպասվող փոփոխություններից:
Հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Հայկական հանրագիտարան. հրատարակչության հիմնադրման 50-ամյակին: Նիստի ընթացքում կներկայացվի «Հայկական հանրագիտարանի կես դարը» ֆիլմը: Տեղի կունենա «Հանրագիտական բառարան»-ի առաջին հատորի շնորհանդեսը: Հրատարակչության աշխատակիցները կպարգևատրվեն ՀՀ ԳԱԱ պատվոգրերով:
ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում Սփյուռքին առնչվող հեռանկարային բարեփոխումների մասին կխոսեն ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը:
«Մոսկվա» կինոթատրոնում «Ունիսոն» ՀԿ-ն կանցկացնի «Երազանք և իրականություն» ինտերակտիվ ֆորում։ Միջոցառման ժամանակ կկայանան ֆոտոցուցահանդեսի բացում, հանրային կարծիքը բացահայտող կարճ տեսահոլովակների ցուցադրություն և հրապարակումների շնորհանդես։ Իրենց հաջողության պատմություններով և մտահոգություններով կկիսվեն հաշմանդամություն ունեցող անձինք և հասարակական գործիչներ։ Ներկա կլինեն պետական մարմինների, դիվանագիտական կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Լույս է տեսել Արգամ Այվազյանի «Մեզ պետք են մտքի զորավարներ» հրապարակախոսական շարքի 2-րդ հատորը, որն ընդգրկում է 2012-16 թթ. նյութեր՝ հիմնականում նվիրված հուշարձաններին, դրանց պահպանման և օգտագործման հետ կապված խնդիրներին: Հայագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը կներկայացնի նոր հատորը:
Ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կամփոփի առաջնության արդյունքները և կներկայացնի առաջիկա ծրագրերը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: