Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը փոխելու է կյանքի որակը տարածաշրջանում
4 րոպեի ընթերցում
![Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը փոխելու է կյանքի որակը տարածաշրջանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/10/865834.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր քաղաքում հոկտեմբերի 29-ին կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչներ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը:
«Կենտրոնը տարածաշրջանում փոխելու է կյանքի որակը, օգնելու է բնակիչներին ստեղծել սեփական բիզնեսը, աշխատել: Հնարավորություն կստեղծի ներգաղթի, շատ տեխնոլոգիական մասնագետներ կգան աշխատելու: Ստեղծվում են կազմակերպություններ, որտեղ գալիս են աշխատելու ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների մասնագետները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բագրատ Ենգիբարյանը` նշելով, որ այս կենտրոնը մարզերում թվով երկրորդն է:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում աշխատող լաբորատորիաների պատասխանատու Եղիշե Սաֆարյանը կարևորեց կենտրոնի կրթական բաղադրիչը:
«Կենտրոնը ոչ միայն վերապատրաստում է բազմաթիվ մասնագետների, այլև հատուկ ուշադրություն է դարձնում դպրոցականներին սովորեցնելու հարցին: Իրականացվում են դասընթացներ 8-16 տարեկան երեխաներին` հնարավորություն տալով մտնել ծրագրավորման դաշտ»,- ասաց Եղիշե Սաֆարյանն` ընդգծելով, որ երեխաներն արդեն ստեղծում են օնլայն խաղեր:
Էռնեստ Քրիստաֆորյանը կենտրոնի այն մասնագետներից է, ով արտերկրում սովորելուց հետո վերադարձել է և այժմ պատրաստ է իր մասնագիտական հմտությունները ծառայեցնել հայրենիքին:
«Ես ավարտել եմ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը, այնուհետև տեղափոխվել եմ Գերմանիա, որտեղ խորացրել եմ իմ գիտելիքները: Աշխատել եմ Ռուսաստանում, Ճապոնիայում, ներկայում Հայաստանում եմ և իմ առաջիկա գործունեությունը պատկերացնում եմ այստեղ»,-ասաց Էռնեստ Քրիստաֆորյանը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կենտրոնի գլխավոր խնդիրներից է աշխատատեղերի ստեղծումը:
«Նպատակ է դրված բարձրացնել տեխնոլոգիական կրթության մակարդակը և դա օգտագործել տնտեսության զարգացման գործում: Խնդիր է տեղեկատվական տեխնոլոգիական լուծումները կիրառել բոլոր ոլորտներում»,- ասաց նախարարը: Կենտրոնում իրականացվում են ՏՏ և ճարտարագիտական ոլորտներում մասնագիտական դասընթացներ ու սեմինարներ: Ընդհանուր առմամբ վերապատրաստվել են շուրջ 4000 աշակերտներ, ուսանողներ և մասնագետներ:
Կենտրոնում գործում են եռաչափ տպիչներով, CNC համակարգով մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, որոնք բացառիկ հնարավորություն են ընձեռում ճարտարագիտական ոլորտում նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների ու լուծումների մշակման համար: