ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորը նոր բժշկական կենտրոն կունենա. հանրապետության երրորդ քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիրի և թիվ 2 հիվանդանոցի բժշկական ծառայությունները միավորվում են, որի արդյունքում ստեղծվում է Վանաձորի բժշկական կենտրոն ՓԲԸ: Կենտրոնը կազմված է շուրջ 3,270 քմ մակերեսով ծննդատան և շուրջ 11, 880 քմ մակերեսով հիմնական մասնաշենքերիից: Ծննդատան մասնաշենքի կառուցման, ինչպես նաև բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցման աշխատանքներն իրականացվում են Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից:
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2013 թվականի նոյեմբերին: Աշխատանքներն ավարտման փուլում են, ներկայում ընթանում են մասնաշենքի ներքին հարդարման աշխատանքները: Ավարտին են մոտենում տանիքածածկույթի կառուցման, պատուհանների և սանհանգույցների դռների տեղադրման, ներքին հարդարման, կաթսայատան և ենթակայանի կառուցման աշխատաքանքները: Համալիրի աշխատանքների ընթացքին ծանոթացավ աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շուտով Վանաձորն ունենալու է արդիականացված բժշկական համալիր`190 մահճակալով:
«Համալիրը լինելու է արդիականացված ժամանակակից կենտրոն` իր բոլոր ենթակառուցվածքներով: Մասնագիտական ներուժն ապահովվելու է և առկա աշխատողների վերապատրաստմամբ և նոր մասնագետներ ներգրավելով: Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ Վրաստանի սահմանամերձ շրջաններից հիվանդների հոսք ապահովենք այստեղ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Հիմնական մասնաշենքի բժշկական սարքավորումներով, կահույքով և այլ պարագաներով հագեցման աշխատանքները կիրականացվեն Համշխարհային բանկի Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում վարկային ծրագրի շրջանակներում: Մասնավորապես, նախատեսվում է վերազինել և հզորացնել մարզի հեմոդիալեզի և էնդոսկոպիկ վիրաբուժության միակ ծառայությունները, ինչպես նաև ստեղծել համապատասխան պայմաններ անոթային վիրաբուժության զարգացման համար: Արդիականացվելու է նաև ախտորոշիչ ծառայությունը` որակապես հզորացնելով վերջինի կարողությունները և ավելացնելով հետազոտությունների, այդ թվում լաբորատոր անվանացանկը:
Վանաձորի բժշկական կենտրոնի արդիականացման արդյունքում էապես կբարելավվի բժշկական ծառայությունների մատչելիությունը: Մարզի ամբողջ ազգաբնակչության համար հասանելի կդառնան երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայությունները տեղում` սեփական բնակավայրերի մոտ, և քաղաքացիները ստիպված չեն լինի մեկնել մայրաքաղաք` արժանի պայմաններում որակյալ օգնություն ստանալու համար: Կբարելավվի նաև բժշկական օգնության որակը և արդյունավետությունը:
Ծրագրի շրջանակում Վանաձորի բժշկական կենտրոն ՓԲԸ-ում նախատեսվում է իրականացնել շուրջ 6.6 մլրդ դրամի ներդրումներ: Նախարարի տեղակացմամբ՝ ծննդատան շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակ, իսկ ընդհանուր համալիրի աշխատանքները` մեկ տարվա ընթացքում: