Տնտեսություն

Մեկնարկեց ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների 38-րդ նստաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված (փոխկապակցված) անդամների 38-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին՝ իր գլխավորած պատվիրակությամբ:

Նստաշրջանի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Սուրեն Կարայանը:

«Հայաստանը կարեւորում է նմանատիպ ձեւաչափերը եւ միջոցառումները, քանի որ նստաշրջանը հնարավորություն է տալիս բազմաթիվ երկրներից եկած մեր հյուրերին կարճ ժամանակում ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային արժեքներին եւ զբոսաշրջության ոլորտում իրականացվող մեր քայլերին, ինչն էլ հնարավորություն կտա, որ մեր գործընկերները օգնեն եւ օժանդակեն այս ոլորտի՝ էլ ավելի արագ տեմպերով զարգացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի խոսքով՝ Հայաստանը պետք է դառնա զբոսաշրջային կարեւոր նպատակակետ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների համար:

«Հանդիպումների հիմնական նպատակը տեսանելիության բարձրացումն է տարածաշրջանում: Սա շատ կարեւոր տարածաշրջան է, որն ունի շատ արժեքներ եւ շատ կարեւոր վայրեր: Իսկ Հայաստանն այն նպատակակետն է, որը պետք է հայտնի լինի ամբողջ աշխարհին»,-նշեց ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը:

Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության զարգացման միտումները, մշակութային ժառանգության պահպանությանը, զբոսաշրջության եւ ոչ նյութական մշակութային կապին, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության ամրապնդմանն ու խթանմանն առնչվող հարցեր:

Միջոցառման շրջանակում պատվիրակությունն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածնու Գառնու տաճար, Խոր Վիրապ եւ Գեղարդ վանական համալիրներ, Արենի-1 քարանձավ եւ այլն:

Թալեբ Ռիֆաին հանդիպում է ունենալու նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում