Կոթավանքը՝ հավատի տուն Ներքին Գետաշենի բնակիչների համար
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի արեւմտյան հատվածի բարձունքում գտնվող եւ միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշալիքներից մեկը համարվող Կոթավանքն արդեն ոչ միայն վերականգնված է իր ամբողջական ու վեհաշուք տեսքով, այլ նաեւ այս տարվա ընթացքում դարձել է գործող եկեղեցի՝ որպես հավատի տուն ծառայելով Ներքին Գետաշենի բնակիչների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը, Կոթավանքը, որը կառուցվել է Սյունյաց Գրիգոր Սուփան իշխանի կողմից եւ ավերակների վերածվել 1679 թվականի աշխարհավեր երկրաշարժի արդյունքում, վերջին երեք տարում ամբողջությամբ վերականգնվել է Ներքին Գետաշենի գյուղապետարանի եւ բնակիչների հանգանակած միջոցների հաշվին: Վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2015 թվականին, իսկ այս տարի կատարվել են դեպի վանք տանող ճանապարհի ասֆալտապատման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո նորանորոգ վանքն իր դռներն է բացել հավատավորների առջեւ:
«Արդեն մի քանի ամիս է, ինչ պատմական Կոթա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվում են կնունքի եւ պսակադրության արարողություններ, Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներին գալիս են հավատացյալները՝ իրենց հոգու պարտքը կատարելու: Իսկ կարեւորն այն է, որ պատմաճարտարապետական այս կոթողը եւ քրիստոնեական հավատի պատմական տներից մեկը նորովի շունչ է առել»,-նշեց Կարո Գեւորգյանը:
ԽոսրովԽլղաթյան