Այսօր Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց կաթողիկոս Վազգեն Ա. Պալճյանը, ում շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել բազմաթիվ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր, այսօր կդառնար 108 տարեկան:

Վազգեն Առաջինը (ավազանի անունը` Լևոն Կարապետ) նախնական կրթությունը ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում, ապա շարունակել Բուխարեստում: Նա Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոսն է:

1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ կաթողիկոսը մեկնել է Աթենք, որտեղ Սբ. Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա թեմի առաջնորդ: 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ. Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս: 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները:

1955 թ-ին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշինական-վերականգնողական մեծ աշխատանք. նրա օրոք վերանորոգվել են Էջմիածնի Մայր տաճարը, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ եկեղեցիները, Խոր վիրապի վանքը, Գեղարդավանքը և բազմաթիվ այլ շինություններ: Մայր տաճարի շրջակաքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Գյուլբենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը:

1962 թ-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ:

1992 թ-ի մայիսի 28-ին Վազգեն Ա կաթողիկոսը հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին` սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը:

2008 թ-ին «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն:

Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան և Խաղաղության պաշտպանության կոմիտեի ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ», ԽՍՀՄ «Պատվո նշան» և «Ժողովուրդների բարեկամություն» շքանշաններով:

Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը: Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց` Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում և Մայր աթոռ Սբ. Էջմիածնում:

2008 թվականի մայիսի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 168 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ։

Կենսագրությունը` ըստ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի

Հայերեն English

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել գրեթե 50 ռուսական բանկի նկատմամբ

ԶՊՄԿ-ն երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է CaseKey ծրագրին՝ ուսանողներին հնարավորություն տալով բացահայտել ՀՀ արդյունաբերությունը

«Նաիրի» ԲԿ-ում բացվեց ժամանակակից բժշկության առաջադեմ լուծումներով հագեցած Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոն

Իրաքն արգելափակել է Telegram-ը՝ Հորդանանի նմանատիպ քայլից հետո

Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ

Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Բարսելոնայում ոստիկանությունը ցրել է բնակարանային ճգնաժամի դեմ բողոքողների ճամբարը

Նույնակացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում 6 հիմնական ապրանքախմբի համար․ ՊԵԿ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -16/11/26

Ասիական ինդեքսներ - 16/11/26