Քաղաքականություն

Անդյան երկրների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

Անդյան երկրների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդյան խորհրդարանը, որն Անդյան երկրների (Չիլի, Բոլիվիա, Պերու, Էկվադոր և Կոլումբիա) Համայնքի ղեկավար մարմինն է, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունն ճանաչող բանաձև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia-ն, խորհրդարանի նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Մոնտեվիդեոյում:

Նախագիծը հեղինակել է Անդյան խորհրդարանի Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո Դե Լա Կրուզը: Բանաձևում ասվում է, որ 2016 թվականի ապրիլի 24-ին 101-րդ տարելիցն էր հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, որն իրագործվել է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում և խլել 1,5 միլիոն մարդու կյանք:

Բանաձևը շեշտում է.

  1. Դատապարտել տարբեր համայնքների և ժողովուրդների դեմ իրականացված միջազգային հանցագործությունները, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները, ցեղասպանությունը և ագրեսիայի հանցագործությունները,
  2. Ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից ծրագրավորված Հայոց ցեղասպանությունը և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին և նրանց ժառանգներին (խմբ.- ցեղասպանության զոհերի), ովքեր ողջ աշխարհում կազմում են հայկական համայնքը: Դատապարտել ցանկացած ժխտողական քաղաքականություն` ուղղված Հայոց ցեղասպանությանը և հայ ժողովրդի հանդեպ իրականացված մարդկության դեմ հանցագործությանը:
  3. Հորդորել միջազգային հանրությանը կիրառել ՄԱԿ-ի ընդունած սկզբունքը, որը ենթադրում է պաշտպանել քաղաքացիներին ցեղասպանություններից, մարդկության դեմ իրականացվող հանցագործություններից և մարդու իրավունքների ցանկացած կոպիտ խախտումներից, ձեռնարկել միջոցներ, որպեսզի հնարավոր լինի տարբեր համայնքներին, ժողովուրդներին ու ազգերին փրկել բռնության հետևանքով առաջացած տառապանքից:

Բանաձևը ենթադրում է հորդորել միջազգային հանրությանը ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը որպես պատմական փաստ և աջակցել ճշմարտության ու արդարության փնտրտուքին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում