Քաղաքականություն

ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթել է համայնքների մեծ մասում. նախնական արդյունքներ

3 րոպեի ընթերցում

 ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթել է համայնքների մեծ մասում. նախնական արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել են 161 համայնքներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ կուսակցությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի 237 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին:

«Իհարկե, ոչ բոլոր համայնքներում ենք առաջադրել թեկնածու, բայց մենք առաջադրել և պաշտպանել ենք նաև մարդկանց թեկնածություն, ովքեր անկուսակցական են: Նրանցից ավելի քան 20-ը ևս հաղթել են»,- հայտնեց Թադևոսյանը:

ՀՀԿ-ական թեկնածուները պարտվել են շուրջ 20 համայնքում: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարը դա նորմալ երևույթ է համարում, քանի որ դա տեղի է ունեցել արդար մրցակցության պայմաններում:

Ռուբեն Թադևոսյանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն ավարտված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պարտություն է կրել: Նրա խոսքով՝ դա իրականության հետ որևէ կապ չունի, և դրա մասին են վկայում արձանագրված արդյունքները:

Ռուբեն Թադևոսյանն ընդգծեց, եթե համեմատեն այլ կուսակցությունների ներկայացվածությունն ու արձանագրված արդյունքները, իրականությունը պարզ կդառնա բոլորի համար:

Սեպտեմբերի 18-ին ՀՀ 5 մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում որոշ համայնքներում հաղթանակներ են տարել նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ»-ը:

Մասնավորապես, ԲՀԿ-ն հաղթել է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Գետազատ, Խարբերդ, Հովտաշատ և մի շարք այլ համայնքներում: Արարատի մարզի Արարատ քաղաքի համայնքային ավագանու ընտրություններում 18/1-ից 18/7 տեղամասերում հաղթանակ է տոնել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Արսեն Հակոբյանը:

Արարարտի մարզի Նոր Կյանք համայնքում հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գարիկ Սարգսյանը:

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հաղթել է «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Հայկ Հովհաննիսյանը:

Տավուշի մարզի Գանձաքար համայնքում էլ համայնքի ղեկավար է ընտրվել ընտրվել ՀՅԴ-ական Վարդգես Դովլաթբեկյանը: Հավաքելով 997 ձայն` նա պարտության է մատնել գործող` ՀՀԿ-ական գյուղապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Շահեն Շահինյանին:

Վերջինս հավաքել է 855 քվե: Արարատի մարզի Բերքանուշ համայնքում նույնպես հաղթել է ՀՅԴ-ի կողմից առաջադրած կուսակցական Մանվել Հայրապետյանը: Նրա մրցակիցը ՀՀԿ-ական` ինքնաառաջադրված Գագիկ Ասատրյանն էր: Հայրապետյանի օգտին քվեարկել է 517 մարդ, Ասատրյանի օգտին՝ 195 մարդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում