Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 09.09.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 09.09.2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կկայանա «ClimateLaunchpad Հայաստան 2016» ստարտափ բիզնես մրցույթի ազգային եզրափակիչ փուլի փակման արարողությունը: Մրցույթին բացման խոսքով հանդես կգան «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի հիմնադիր Վահան Շաքարյանը, գործադիր տնօրեն Ֆրունզիկ Ոսկանյանն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Փակման ընթացքում մասնակից 14 ստարտափ թիմերը կներկայացնեն իրենց բիզնես գաղափարների տեխնոլոգիական մոդելները, որի արդյունքում պրոֆեսիոնալ ժյուրիի հանձնաժողովը կընտրի 3 հաղթող ազգային թիմերին: Հաղթող ստարտափերը հնարավորություն կունենան իրենց գաղափարներով մրցելու համանուն եվրոպական եզրափակիչ մրցույթին, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը Էստոնիայի Տալլին քաղաքում:

Ինչո՞ւ հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ո՞վ է նրան փոխարինելու և ի՞նչ զարգացումների սպասել ներքաղաքական դաշտում: Այս և այլ հարցերին են անդրադառնալու քաղաքագետներն ու քաղաքական գործիչները՝ վերլուծելով ստեղծված իրավիճակը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը սկսում են ակտիվ գործընթաց: Այսօր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում լրագրողների հետ են հանդիպելու ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ Գյումրիի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը եւ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ ավագանու ընտրացուցակը գլխավորող Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը:

Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախատեսում է իրականացնել Վանաձորի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին նվիրված հանրային հավաք միջոցառում: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան կուսակցության խորհրդի անդամները և ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուները։

Ահազանգում են խաղողագործները: Մթերված խաղողի գումարներն արդեն 1 տարի է չեն վճարել խաղողագործներին: Այսօր այս թեմայով կանցկացվի քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մասնավորապես ներկա կլինեն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը, Արմավիրի մարզի Նոր Ամասիա համայնքի խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանը, ում մթերված խաղողի գումարը դեռ չեն վճարել:

Սեպտեմբերի 11-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Տոնին ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տ.Եսայի քահանա Արթենյանը մանրամասն կներկայացնի տոնի խորհուրդը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում