Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 06.09.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 06.09.2016

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը կազմակերպում է այց Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և Ոսկեվան համայնքներ: Նպատակն է ծանոթանալ գյուղական համայնքների զարգացման ծրագրի ընթացքին։ Այն ֆինանսավորում է ՌԴ կառավարությունը, իրականացնում՝ ՄԱԶԾ-ն՝ համագործակցելով ՀՀ տարածքային կառավարաման և զարգացման նախարարության հետ:

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգը: Քննարկմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Դեյվիդ Գուլլետտը և այլք:

«Այբ» դպրոցում կներկայացվի միջազգային ճանաչում ստացած «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը: Այնուհետև տեղի կունենա հայկական պատմության մեջ առաջին անգամ հայերենով անցկացված, բայց միջազգայնորեն ճանաչված «Արարատյան բակալավրիատ» ծրագրի առաջին քննությունների հավաստագրերի հանձնումն աշակերտներին։

«Ակտիվ կյանք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում առաջին անգամ Հայաստանում հաշմանադմություն ունեցող անձանց համար 15 օր կուսուցանվի արևելյան մարտարվեստ, ձիավարություն, նետաձգություն նաև թատերարվեստ: ԱՄՆ-ից ժամանած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով փորձագետ Անուշ Քելեշյանը, Ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանը կներկայացնեն ծրագրի մանրամասները:

ՀՀ ԱԻՆ-ը պատրաստվում է Ն.Աղբալյանի անվան № 19 հիմնական դպրոցում իրականացնել «Հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքների իրականացում ուսումնական հաստատությունում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Մշակութային անցուդարձից, Մոսկվայի տանը «Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում կկայանա ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Միխայիլովի ստեղծագործական երեկոն։ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն էլ կներկայացնի 2016 թվականի առաջին կիսամյակում իրականացված, ընթացիկ և իրականացվելիք նախագծերը։

Ռիոյի օլիմպիադայից մեդալներով վերադարձած հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կհանդիպի լրագրողներին: Իրենց տպավորությունների մասին կպատմեն հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը,Ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը,Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը,Ռիոյի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը,Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում