Բիթբոքսեր Հայկ Ալթունյանը բանակում ձեռք է բերել թանկ ընկերներ ու նվաճել տավուշցիների սերը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ» հեռուստաալիքի «X Factor» նախագծի մասնակից բիթբոքսեր Հայկ Ալթունյանը, ով ծառայում է Տավուշի մարզի Բերդի զորամասերից մեկում ու զինվորական նվագախմբի անդամ է, վայելում է տավուշցիների սերն ու հարգանքը: Բերդի տարածաշրջանում չկա գրեթե մի միջոցառում, որին Հայկը ելույթ չունենա իր ձայնանմանակումներով: Նա հանդես է գալիս ինչպես նվագախմբի կազմում, այնպես էլ անհատական կատարումներով և այդ ժամանակ ինքն է դառնում մարդ-նվագախումբ: «Արմենպրես»-ը զինվոր- երաժշտին հանդիպել է Բերդում անցկացվող Մեղրի ու հատապտուղների փառատոնի ժամանակ, որտեղ ևս Հայկն արժանացավ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքին: Ներկայացնում ենք ապագայում արտասահմանյան բեմեր գրավել ցանկացող Հայկ Ալթունյանի հետ հարցազրույցը:
-Նախ կխնդրեմ մի փոքր պատմես քո մասին, ի՞նչ նախասիրություններ ունես:
-Հայկ Ալթունյանն եմ` 19 տարեկան, Երևան քաղաքից: Նախասիրություններս շատ-շատ են, բայց կա մի բան, առանց որի ուղղակի շնչել չեմ կարողանում` երաժշտությունը: Փոքր տարիքից ( 5 տարեկանից ) զբաղվում եմ երաժշտությամբ, սկսել եմ ջութակից: Կարծում եմ, իմ մեծ սերը երաժշտության հանդեպ, որ եկել է այդքան փոքր տարիքից, բնականոն է, որովհետև ծնվել ու մեծացել եմ երաժշտական ընտանիքում: Մորական կողմից իմ բոլոր բարեկամները երաժիշտներ են: Մայրս` դաշնակահարուհի, մորաքույրս` ջութակահարուհի, մորական տատիկս նույնպես ջութակահարուհի է, պապիկս` ժողովրդական երգի ու պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, խմբավար, ինչպես նաև արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանն է: Իսկ նախապապիկս Թաթուլ Ալթունյանն է, ում խորհրդային տարիներին անվանում էին «20-րդ դարի Կոմիտաս»:
-Նշանավոր խմբավար Թաթուլ Ալթունյանի ծոռը լինելը որքանո՞վ է նշանակալի եղել արվեստով հետաքրքրվելու քո հակումների տեսանկյունից:
-Չեմ կարող ասել, թե ինչու կամ ինչպես եմ ընտրել այս ուղղությունը, ինչու է իմ մեջ այսքան մեծ սեր ձևավորվել դեպի արվեստը, բայց այն, որ կա նվիրումը, փաստ է: Այս փաստն է ստիպում մտածել, որ պապիցս եմ ժառանգել այդ սերը: Երաժշտությունն իմ մեջ է: Ես կարծես ծնվել եմ երաժշտությամբ... Վստահ կասեմ, որ անբաժան եմ երաժշտությունից, ինչն արյամբ փոխանցվել է հենց Թաթուլ Ալթունյանից;
-Հայոց բանակում ծառայության կեսից ավելին արդեն պատվով կատարել ես, ի՞նչ է տալիս ծառայությունը 18-ամյա տղային: Տուն վերադառնալիս ի՞նչ ես տանելու քեզ հետ:
-Բանակը դժվար, բայց միևնույն ժամանակ պետքական փորձություն է տղայի համար: Բանակը 18-19 տարեկան տղային պատրաստում է իր հետագա կյանքի համար: Այսքան վաղ տարիքից արդեն տղային դաստիարակում է, սովորեցնում ոչնչից չվախենալ, պատրաստ լինել ամեն դժվարության: Ես բանակից կտանեմ կյանքի փորձ, ավելի ուժեղ ու ամուր ոգի և, երևի, ամենաքաղցր բանը, որ կարելի է բանակից տանել` ընկերների: Այսպիսի խոսք կա. «Բանակի ընկերը մանկության ընկերոջից թանկ է»:
-Ունենալով երաժշտական կարողություններ՝ ոչ միայն նպաստում ես ծառայակից ընկերներիդ ոգու բարձրացմանը, նաև մասնակցում ես Տավուշի մարզի տարբեր միջոցառումների, երիտասարդ աղջիկների ու տղաների «սիրելի արտիստն» ես դարձել: Ի՞նչ ես զգում այս մասին մտածելիս:
-Չեմ կարող նկարագրել այդ զգացողությունը: Բնականաբար, դրական զգացողություն է: Ուղղակի անչափ հաճելի է, երբ քայլում ես փողոցում ու քեզ ամեն քայլափոխին տարբեր մարդիկ` անկախ սեռից ու տարիքից, բարևում են, ժպտում, ուզում են նկարվել քեզ հետ: Մի անգամ մի տատիկի կողքով անցա` ժպտալով ասաց. «Վայ մեր տաղանդավոր զինվորը չի՞: Տղա ջան, քեզ բարի ծառայություն, Աստված հետդ: Շուտ գնա, հասի տուն, որ հետո, երբ հեռուստացույցով քեզ տեսնենք, ասենք՝ մեր զինվորն է»: Էլ ի՞նչը կարող է արտիստին ոգևորել, եթե ոչ հանդիսատեսի անկեղծ ժպիտները, երկրպագուների սերը: Բեմը, կարծես, երկրորդ տունս լինի, իսկ իմ երկրպագուները, բնականաբար, դառնում են իմ այդ տան անդամները: Առիթից օգտվելով` ուզում եմ ողջունել բոլորին: Բոլորին անչափ սիրում եմ, պաշտում եմ իրենց ժպիտներն իմ ելույթի ժամանակ ու բեմի վրա միշտ պատրաստ եմ ամեն ինչի` հանուն այդ ժպիտների:
-Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար:
Դեռ հստակ պլաններ չունեմ, բայց հաստատ կարող եմ ասել, որ անպայման կրկին մասնակցելու եմ «X Factor» նախագծին: Ես դեռ շատ բան ունեմ այդ բեմից ստանալու, ինչն անցած մրցույթին կիսատ եմ թողել: Դրանից հետո էլ ակնհայտ է, որ շարունակելու եմ երաժշտական իմ ուղին: Հավանաբար, կընդունվեմ կոնսերվատորիա, ավարտելուց հետո էլ ուժերս կփորձեմ արտասահմանյան բեմերում:
Հարցազրույցը` Անի Նազարյանի