Քաղաքականություն

Գերմանիայի կառավարությունը հերքել է Հայոց ցեղասպանության բանաձևից հետքայլ անելու մասին տեղեկությունը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կառավարությունը հերքել է Հայոց ցեղասպանության բանաձևից հետքայլ անելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դաշնային կառավարությունը հերքել է Spiegel պարբերականի տարածած տեղեկությունն այն մասին, թե իրենք պատրաստվում են պաշտոնական հայտարարություն անել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հեռու մնալու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Tagesschau-ն, այս մասին նշել է կառավարության խոսնակ ՇթեֆենԶայբերտը` հայտնելով, որ կառավարությունը չի պատրաստվում հեռացնել իրեն Բունդեսթայի բանաձևից:

«Գերմանիայի Բունդեսթագն իրավունք և հնարավորություն ունի մեկնաբանելու ցանկացած թեմա ամեն անգամ, երբ տեսնում է դրա անհրաժեշտությունը: Դաշնային կառավարությունը պաշտպանում է Գերմանիայի խորհրդարանի ինքնիշխանության իրավունքը»,- ասել է Զայբերտը:

Նա հավելել է, որ դաշնային կառավարությունը չի պատրաստվում միջամտել ցանկացած այլ սահմանադրական մարմնի պարտականություններին և մեկնաբանել դրանք:

Գերմանական Spiegel պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ու կանցլերի գրասենյակը համաձայնության են եկել, որ կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը մամուլի առաջ ելույթ ունենա և հայտարարի, որ կառավարությունն իրեն հեռու է պահում Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Մասնավորապես, կառավարության խոսնակը պետք է հայտարարի, որ Բունդեսթագի բանաձևը չունի կառավարությանը պարտադրող բնույթ:

Նախքան որոշման ընդունումը Բեռլինում քննարկումներ են տարվել, թե ով պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ: Spiegel-ի հաղորդմամբ` արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի ցանկացել այդ դերը վերցնել իր վրա: Կանցլեր Մերկելի կողմից նման քայլը ևս հնարավոր չէր, քանի որ դա կարող էր դիտարկվել որպես զիջում Էրդողանի առաջ: Ի վերջո որոշվել է, որ մամուլի առաջ կխոսի կառավարության խոսնակ Զայբերտը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում