Ամերիկահայ Ռիչարդ Հարթունյանը կղեկավարի ԱՄՆ գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեն
1 րոպեի ընթերցում
![Ամերիկահայ Ռիչարդ Հարթունյանը կղեկավարի ԱՄՆ գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/08/857873.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի հյուսիսային շրջանի դաշնային դատախազ Ռիչարդ Հարթունյանը նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչի` քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի ղեկավար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով timesunion.com կայքը, Հարթունյանը 55 տարեկան է, Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է:
Խորհրդատվական այս մարմինը, որ գլխավորելու է Հարթունյանը ստեղծվել է դեռևս 1973թ-ին: Նա իր պաշտոնում հաջորդելու է Կոլորադոն ներկայացնող դատախազ Ջոն Ուոլշին, իսկ Հարթունյանի տեղակալը կլինի Միչիգանից Բարբարա Մաքքուեյդը:
«Գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեն կարևոր դեր է խաղում Արդարադատության դեպարտամենտի քաղաքականությունների մշակման, ծրագրերի իրականացման, ինչպես նաև ԱՄՆ-ում հավասար արդարադատության և օրենքի գերակայության ապահովման հարցում : Վստահ եմ, որ դատախազներ Ռիչարդ Հարթունյանը և Բարբարա Մաքքուեյդը պատրաստ են ստանձնելու նման կարևոր մարմնի ղեկավարման պատասխանատվությունը»,- նշել է ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչը:
Հարթունյանը 1997թ-ից ի վեր աշխատել է որպես դաշնային մեղադրող Օլբանիում: 2013թ-ին նշված հանձնաժողովի անդամ է դարձել ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի նշանակմամբ: