Հասարակական

Համամարդկային և դեմոկրատական արվեստ. գեղատեսիլ Դիլիջանը հյուրընկալեց մնջախաղի միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

Համամարդկային և դեմոկրատական արվեստ. գեղատեսիլ Դիլիջանը հյուրընկալեց մնջախաղի միջազգային փառատոնը

ԴԻԼԻՋԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնն արվեստասեր հասարակությանը համախմբեց նաև Դիլիջանում: Զբոսաշրջային գեղատեսիլ քաղաքում բացօթյա ամֆիթատրոնում իրենց առանձնահատուկ համարները ներկայացրեցին Հայաստանի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի, Վրաստանի, Ուկրաինայի մասնակիցները: Հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց յուրաքանչյուր մասնակցի ելույթը:

«Կարծում եմ՝ այս փառատոնը նշանակալի տեղ ունի Հայաստանի մշակութային կյանքի խորապատկերում: Մնջախաղը թատերական կյանքի համընդհանուր լեզուն է: Այն հասկանալու համար չկան լեզվական արգելքներ. դերասանի և հանդիսատեսի միջև կապն անմիջական է: Յուրաքանչյուրս կարող է յուրովի մեկնաբանել մնջախաղը: Այն համամարդկային և դեմոկրատական արվեստ է: Հպարտ եմ, որ «Արմենպրես»-ն իր լուման է ներդնում, որպեսզի փառատոնը դառնա մնջախաղային արվեստի համաշխարհային օրակարգի կարևոր իրադարձություններից մեկը»,- նշեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը բացվել է օգոստոսի 10-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին` կրելով երկու տարին մեկ անգամ պարբերականությունը, սակայն այս տարվանից սկսած` այն կանցկացվի ամեն տարի:

«Փառատոնը Հայաստանում ձևավորեց կենդանի քանդակի մշակույթը: Մնջախաղի ժանրը շատ բազմազան է, և ես ուզում եմ մեծ ներկապնակ ներկայացնել հանդիսատեսին: Մարդիկ տարբեր ներկայացումներ են հավանում: Անհրաժեշտ է մարդկանց ընտրության հնարավորություն ընձեռել: Ներկայացվում են դասական, մոդեռն և այլ ժանրերի ներկայացումներ»,-նշում է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Փառատոնը կտևի մինչև օգոստոսի 15-ը, հանդես կգան մնջախաղի վարպետներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Ֆրանսիայից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում