Արցախ

Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը:

«Տարիներ շարունակ մեր կողմից աշխատանք է տարվում, Հայոց ցեղասպանության իրական պատկերը ներկայացնում ենք հասարակության տարբեր շրջանակներին` թե քաղաքական, թե հասարակական, թե գիտական: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված, ընդհանուր առմամբ, դրական տրամադրվածություն կա, այդ թվում` պատգամավորների շրջանում: Դրան էլ գումարած քաղաքական նպաստավոր պայմաններ են, քանի որ Եգիպտոսի ու Թուրքիայի հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում»,-ասաց Արմեն Մազլումյանն` ընդգծելով, որ ներկայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը մեծ է:

Ինչ վերաբերում է Եգիպտոսում թուրքական լոբբիի աշխատանքին, ապա Արմեն Մազլումյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ պայմանավորված, լոբբիի աշխատանքը բավական պասիվացել է: Արմեն Մազլումյանը հիշեցրեց, որ Եգիպտոսում Թուրքիայի դեսպանը վտարված է:

Եգիպտոսի խորրհդարան է ներկայացվել մի բանաձև, որը 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որակում է որպես ցեղասպանություն: Բանաձևը խորհրդարանի նիստի օրակարգ մտնելու համար արդեն հավաքել է պատգամավորների` անհրաժեշտ քանակի ստորագրություն: Եգիպտոսի խորհրդարանը բաղկացած է 596 պատգամավորից, իսկ բանաձևի ներքո ստորագրել է 337 պատգամավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում