Քաղաքականություն

ԵՄ-ն ցուցարարներին հորդորում է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ցուցարարներին հորդորում է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության պատվիրակությունը՝ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ տարածել է հայտարարություն Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՄ գրասենյակից, հայտարարության մեջ ասվում է.

«Ընդգծելով, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է՝ մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին մաղթում ենք արագ եւ լիարժեք ապաքինում:

Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման եւ ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝

իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ: Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:

Ի գիտություն ընդունելով նաեւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունները՝ հորդորում ենք լիարժեք հետաքննություն կատարել ոստիկանների կողմից իրականացված բոլոր իրավախախտումների մասին հաղորդումների առնչությամբ, այդ թվում` նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի և իրավապաշտպանների եւ բուժօգնության մերժման առնչությամբ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում