ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը
3 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճի քննությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործը։
Գործը վերաբերում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշմանը։
Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։
ՍԴ-ն հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության էր ընդունել դիմումները և, հաշվի առնելով, որ դրանք վերաբերում են նույն հարցին, միավորել դրանք և քննել նույն նիստում։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Դատաքննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով։ Գործով որպես երրորդ կողմ է ներգրավվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես պատասխանող կողմ՝ ՀՀ դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը և հակակոռուպցիոկ կոմիտեն։ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում գործի քննությանը, քանի որ Սահմանադրական դատարանը համարել է, որ նրանք կարող են կողմնակալ դիրքորոշում ունենալ։
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
ԿԸՀ ամփոփած արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։