Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 20.07.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 20.07.2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հասարակության ուշադրությունը կրկին սևեռված է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված հարձակման ու դրանից բխող զարգացումների վրա: Այսօր` հուլիսի 20-ին, քաղաքական, հասարակական մշակութային գործիչները կշարունակեն իրենց դիտարկումները ներկայացնել երևանյան թեժ զարգացումների վերաբերյալ:

Ոչ պակաս թեժ է նաև Թուրքիայում: Թուրքական ձախողված հեղաշրջման փորձը նոր զարգացումներ է ստանում: Երկրում ձերբակալվածների թիվը անցնում է 7 հազարը: Եվրամիության պաշտոնյաներն էլ կոչ են անում Թուրքիային հաշվի առնել օրենքի գերակայությունը: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կվերլուծի Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները, Եվրոպայի ու ԱՄՆ-ի արձագանքը, ինչպես նաև կանդրադառնա Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությանը:

Անցկացվում է «Իմ Հայաս­տան» համահայկական երրորդ փառատոնը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Այդ առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր կայանալու է նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը փառատոնի գեղարվեստական խորհրդի և Սփյուռքից ժամանած խմբերի ղեկավարների մասնակցությամբ:

Ամփոփվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 40-րդ նստաշրջանի աշխատանքների արդյունքները: Հուլիսի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը կանդրադառնան նստաշրջանի արդյունքներին: Հիշեցնենք, որ Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում:

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում տեղի կունենա Օրիգամիի հավաքածուի ցուցադրություն՝ նվիրված Հիրոսիմա քաղաքի ռմբակոծման 71-ամյակին: Ամեն տարի oգոստոսի 6-ը Ճապոնիայում Խաղաղության հիշատակման արարողությամբ նշվում է որպես Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբակոծման տարելից: Վերջին տարիներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տարբեր միջոցառումներով հարգել է այդ ողբերգության զոհերի հիշատակը: Այս տարի նույնպես, «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ համատեղ, կազմակերպում է հիշատակի միջոցառում:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է. Մինչև հուլիսի 22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից: Օրվա ընթացքում թեմայի վերաբերյալ սպասվում են մասնագետների և համապատասխան գերատեսչությունների հորդորները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում