Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 19.07.2016

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 19.07.2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված հարձակումը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում: Քաղաքական, հասարակական մշակութային գործիչները վերլուծում են պատճառները, անդրադառնում են հնարավոր հանգուցալուծմանը, ինչպես նաև միջազգային արձագանքին: Երևանում զինված միջադեպից բխող հնարավոր զարգացումների վերաբերյալ այսօր` հուլիսի 19-ին, իրենց դիտարկումներն են ներկայացնելու Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղ.ղեկ. Ռուբեն Բաբայանը և այլք:

Լրահոսի առանցքում են նաև Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները: Հուլիսի 16-ին զինվորականների կողմից նախաձեռնած և ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո իրավիճակը երկրում շարունակում է լարված մնալ: Երկրում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում: Քաղաք է բերվել ոստիկանական հատուկ նշանակության ջոկատների հազարից ավելի մարտիկ: Ստամբուլի օդային տարածքում Էրդողանի կարգադրությամբ պտտվում են կործանիչներ իրավիճակը վերահսկելի պահելու համար:

Ամփոփվում են 2016թ. հունվարին մեկնարկած Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագրի առաջին փուլի արդյունքները: Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագրի առաջին մասնակից էր ընտրվել նկարիչ Արման Վահանյանը: Նախագծի երկրորդ մասնակիցն է շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանը, ով հուլիսի 4-ին հյուրընկալվել է Երևանում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությանը: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը, նկարիչ Արման Վահանյանը կխոսեն ծրագրերի արդյունքների մասին:

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կանցկացվի «Ապրել խաղաղ» խորագրով համերգային ծրագիրը: Ներկա կլինեն խաղաղության և հայրենիքի համար իրենց կյանքը զոհած ազատամարտիկների երեխաները, ապրիլյան պատերազմի օրերին հերոսացած զինվորների ծնողները: Համերգային ծրագիրը նվիրված է մեր հայրենիքի սահմանին կանգնած զինվորին և երկրի խաղաղությանը: Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև «Հերոս մարտիկ» երգի պրեմիերան՝ նվիրված ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի բեմականացված համերգային կատարումը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախմբի մասնակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում