Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 18.07.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 18.07.2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայ փորձագետները վերլուծում են Թուրքիայում ձախողված հեղաշրջումն ու դրանից բխող հնարավոր զարգացումները: Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է իշխանության 161 կողմնակից: Վիրավորների թիվը հասնում է շուրջ 2000-ի: Սպանվել է նաև հեղաշրջման փորձի 104 մասնակից: Այսօր՝ հուլիսի 18-ին, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, թուրքագետ Լևոն Հովսեփյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը և այլք կանդրադառնան թեմային:

Հասարակական քաղաքական դաշտը քննարկում է նաև Երևանում տեղի ունեցած հարձակումը: Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել են այնտեղ գտնվող անձանց:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ անցկացվում է քննարկում Հայաստանում դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ: Բարեփոխումների գործընթացի վերաբերյալ կներկայացվեն քաղաքացիական հասարակության դիտարկումները, կվերհանվեն համակարգում առկա խնդիրներն ու բացերը:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադառնալու է Լարսի անցակետի փակման հետեւանքներին ու Հայաստանի տնտեսության հնարավոր վնասներին: Նա իր դիտարկումները կներկայացնի նաև Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրաշրջանառության ծավալների մասին:

Շոգ եղանակով պայմանավորված մայրաքաղաքի որոշ բնակիչներ զովանալու տարբերակ են համարում բաց ջրավազաններում լողալը: Բաց ջրավազաններում տիրող սանիտարական իրավիճակին, հավանական վտանգներին, շոգ եղանակին խորհուրդ տրվող սննդակարգին կանդրադառնա ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Երեւանի մամուլի ակումբը տոնում է իր հիմնադրման 21-րդ տարին: Այդ առթիվ այսօր կանցկացվի միջոցառում, որի ընթացքում կհանձնվեն ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ եւ Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի, ինչպես նաեւ՝ ԵՄԱ ամենամյա մրցանակները:

Այսօր հայ հասարակությանը կներկայացվի ամերիկաբնակ հայ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի քննարկում ֆիլմի կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի հետ: Ֆիլմի հերոսուհին թուրք կին է, ով երկար տարիներ անց բացահայտում է, որ արմատներով հայ է: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016թ. ապրիլին Գլենդելի «MGN Five Star Cinema»-ում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում