Սպասվող լրահոս. 15.07.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով: Այսօր` հուլիսի 15-ին, ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվելու են մի շարք հարցեր` կապված Սիրիայի, Ուկրաինայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:

Էներգետիկայի ոլորտում կատարվող աշխատանքներին ծանոթացնելու նպատակով՝ հուլիսի 15-16-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կազմակերպում է լրագրողների այց Սյունիքի մարզ։ Այցելության առաջին օրը լրագրողները կծանոթանան Հրազդան-Շինուհայր բարձրավոլտ օդային գծի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, կայցելեն Սպանդարյանի ջրամբար և Տաթև ՀԷԿ։ Այցի երկրորդ օրը լրագրողները ներկա կլինեն Քարքառի երկրաջերմային կայանի կառուցման նպատակով մեկնարկած հորատման աշխատանքների ընթացքին, որից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը կպատասխանի նրանց հետաքրքրող հարցերին։

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կանցկացվի վիճակահանություն: Մասնակիցները Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի շահառուներն են: Նրանք վիճակահանությամբ կընտրեն իրենց բնակարանները:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նա կներկայացնի ոլորտում իրականացվող բարեփոխումները, կանդրադառնա առկա խնդիրներին:

Այսօր Ծաղկաձորում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին հանդես կգա մամուլի ասուլիսով: Արիանան հիմնել է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամ՝ նորաստեղծ մամուլին, երիտասարդ լրագրողներին աջակցելու համար: Լավագույն երիտասարդ լրագրողներին կտրամադրվեն դրամաշնորհներ՝ արտասահմանում սովորելու նպատակով:

Նախորդ տարվանից Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանին, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչներին և իրենց միացած մարդկանց արգելել են մտնել Վրաստան: Ո՞րն է պատճառը, ի՞նչ քայլերի են նրանք դիմել և որո՞նք են լինելու հետագա գործողությունները: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը կխոսի թեմայի վերաբերյալ:

Ինչպիսի՞ն է ծնելության և սեռերի հարաբերակցության մակարդակը հանրապետությունում: Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել, առհասարակ, հղիության արհեստական ընդհատումը: Ի՞նչ է պետք անել սելեկտիվ աբորտների դեմ պայքարի գործում: Այս և այլ հարցերին կանդրադառնան Վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը, Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին և հոգեբան Գայանե Ղարդյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ