Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 13.07.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 13.07.2016

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հուլիսի 13-ին, կկայանա ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու համատեղ ասուլիսը: Կներկայացվեն մի քանի ծրագրային ուղղություններով ԵՄ-ի կողմից Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքների արդյունքները, քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը հրապարակային գրվածքների վերաբերյալ իրականացրել է դիտարկումներ: Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը կներկայացնի դիտարկումների արդյունքները:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է բողոքի ակցիա` կապված հուլիսի 8-ին Երևանում տեղի ունեցած դաժան սպանության կապակցությամբ:

Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտները հանդիսավորությամբ կստանան ավարտական դիպլոմները: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և հյուրեր:

Ինչու՞ է հասարակության շրջանում տարածված օգոստոսին պատերազմի վերսկսման մասին վարկածը, որքանո՞վ է այն հիմնավորված, կա՞ արդյոք պատերազմի վերսկսման հավանականություն, թե՞ ոչ: Այս և այլ հարցերին է անդրադառնալու Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Զբոսաշրջության ակտիվ փուլում քննարկման օրակարգում հենց զբոսաշրջության հարցերն են: «Հայաստանը որպես ամառային հանգստի ու տուրիզմի զարգացման հեռանկար ունեցող երկիր. ինչն է գրավում զբոսաշրջիկներին և ինչ քայլեր են ձեռնարկվում տուրիզմի զարգացման համար» թեմայի շուրջ խոսելու է ՀՀ տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը:

Զբոսաշրջության ոլորտում ոչ պակաս կարևոր հարց է կառավարության կողմից սոցիալական փաթեթով նախատեսված հանգստի բաղադրիչի կասեցումը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կբանավիճեն թեմայի շուրջ:

«Նարեկացի» արվեստի միությունը ներկայացնում է «Ամէն սազի մէջըն գոված…» խորագրով համերգ՝ նվիրված Սայաթ-Նովայի հոբելյանին: «Նարեկացի» արվեստի միությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, յուրաքանչյուր տարի իր տարեդարձը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկին: Այս տարին նվիրված է հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:

«Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանած «Եղիցի լույս» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում