Սպասվող լրահոս. 12.07.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հուլիսի 12-ին, Երևանում կանցկացվի «Բրուցելոզի կառավարման արդի խնդիրները Հայաստանում և Վրաստանում, միջսահմանային համագործակցություն» թեմայով աշխատաժողով: Միջոցառմանը կմասնակցեն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի տեխնիկական ղեկավար Անդրեյ Ռոստալնին և Հայաստանում այդ կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է միավորել կողմերի ջանքերը նպաստելու Հայաստանում քաղաքական և վարչական կոռուպցիայի նվազեցմանը:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա «Հայկական ժամ»՝ hzham.am լրատվական կայքի համակարգող, Աննա Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործով երկրորդ դատական նիստը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դիմել էր, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեին կայքի խմբագիր Աննա Գեւորգյանն ու թղթակից Ալիս Խեչոյանը, հրապարակված հոդվածների համար:

2015-2016 ուս.տարվա Երևանի պետական լեզվաբանական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները պաշտոնապես կստանան իրենց դիպլոմները: Ավարտական վկայականների հանձնման արարողություն կանցկացվի նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտների համար:

Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կայանալու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային փառատոնը: Փառատոնին ընդառաջ, այսօր Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը կներկայացնի փառատոնի ծրագիրը, ինչպես նաև փառատոնի տարբերանշանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայացվի ամերիկաբնակ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի «Ortus» ձայնասկավառակ: Կհնչեն Տաթև Ամիրյանի մի քանի դաշնամուրային ստեղծագործություններ՝ Հայկ Մելիքյանի կատարմամբ: «Ortus» անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է սկզբնաղբյուր, սկիզբ, ծնունդ։ Մայիսի 7-ին տեղի է ունեցել ձայնասկավառակի ամերիկյան շնորհանդեսը՝ Կալիֆորնիա նահանգի Բերքլի քաղաքի Քրաուդենի անվան երաժշտական կենտրոնում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes

Կառուցապատման ոլորտում բացահայտվել է ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Գերիների հարցը մեր օրակարգում է մշտապես. Վահագն Ալեքսանյան

Եթե պրոֆեսիոնալ ու անսխալ եք նվագում՝ հրաշալի է, բայց դրան համ ու հոտ, համեմունք է հարկավոր. Արսեն Զաքարյան

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ