Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 11.07.2016

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 11.07.2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Վերջին օրերին հանրապետությունում գրանցված հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել մի շարք համայնքներին ու քաղաքներին: Որո՞նք են պատճառները, ի՞նչ հնարավոր վտանգ կարող է առաջանալ և ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին: Այսօր՝ հուլիսի 11-ին, նշված հարցերին կանդրադառնան ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տարերային աղետների բաժնի պետ Արթուր Մուրադյանը, ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը:

Արցախի կառավարությունը հուլիսի 11-ին կհրապարակի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ-ում բացված հատուկ հաշվեհամարին փոխանցված գումարների ծախսերի եռամսյակային հաշվետվությունն՝ ընդհանուր տվյալներով՝ առանց բացահայտելու ռազմական գաղտնիք պարունակող մասերը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը` հիշեցնելով, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովին է ներկայացվել Արցախի կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվությունը:

Ծխախոտի շուկայում արձանագրվել է գնաճ: Ո՞րն է պատճառը, ի՞նչ գործոններ են ազդում այս ապրանքատեսակի թանկացման վրա: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը կներկայացնի իր վերլուծությունը:

Սփյուռքի նախարարությունում այսօր կկայանա «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի բացման հանդիսավոր արարողությունը: Հավաքի մասնակիցներին կողջունեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, «Այբ» դպրոցի տնօրեն, Արամ Փախչանյանը:

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի կունենա Ռուսաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված երկրորդ շարժական բուժախտորոշիչ կլինիկայի բացումը։ Բացմանը կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և այլք։

Կանցկացվի քննարկում «Զվարթնոց օդանավակայանի հին շենքի ճակատագիրը. ի՞նչ փուլում են ապամոնտաժման աշխատանքները» թեմայով: Ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակի դուստր՝ Անահիտ Թարխանյանը, վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը կխոսեն խնդրի վերաբերյալ:

Հուլիսի 11-ը Բնակչության համաշխարհային օրն է: Օրվա առթիվ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության բնակչության իրավիճակային վերլուծություն» հետազոտություն: Հիմնադրամի կողմից հետազոտության անցկացումը նպատակ ունի համապարփակ ներկայացնել բնակչության և վերարտադրողական առողջության ներկա միտումները և դրանց կապերն ու ազդեցությունը երկրի զարգացման վրա:

Հուլիսի 11-ը նաև շոկոլադի միջազգային օրն է: Ի՞նչ շոկոլադ են նախընտրում Հայաստանի բնակիչներ, ի՞նչ որակ ունեն ներկայացված արտադրատեսակները, ինչ նշանակություն ունի շոկոլադն առողջության համար: Թեմային կանդրադառնան սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, մանկաբույժ, հոգեբան Արմեն Բեջանյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում